Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-HDP) ներկայացնող հայ պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ:
«Ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ։
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։