«Միակ պատճառը, որ մենք երկրորդը չենք, դա բիզնեսի և քաղաքականության միաձուլված հիվանդ համակարգի արգասիքն է»,- հարցին՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» ընտրությունների արդյունքում երկրորդը չէ, ինչպես Էդմոն Մարուքյանն էր պնդում, այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նա հորդորեց այս հարցի պատասխանը ստանալու համար կարդալ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ծախսերի հաշվետվությունը. «Այդտեղ կտեսնեք «Լուսավոր Հայաստանի» ծախսերը, մյուս ուժերի ծախսերը և մեր մանդատներն ու իրենց մանդատները: Ահավոր մեծ ռեսուրսներ են դրվել, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ, և բնական է, դա իր ազդեցությունն ունեցել է, դա նստվածք է տալիս»:
Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ ընդդիմադիր ճակատ կազմեն, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք գիտակցում ենք, որ չենք ուզում մեր ժողովրդին որևէ կերպ բաներ ասել, որն այդպես չէ: Այն ճանապարհը, որ քաղաքական համակարգի հին ուժերն անցել են, արտացոլում է այն, ինչի մասին մենք խոսում ենք: Բազմիցս հայտարարվել է նաև այդ ուժերի ղեկավարների կողմից, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն՝ հաշվի առնելով, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նոր Հայաստանում: Պնդում ենք, որ ընդդիմություն լինելու ռեսուրս խորհրդարանական տարածքում ունի միայն «Լուսավոր Հայաստանը»: Արտախորհրդարանական հատվածում կան և, բնական է, կլինեն ընդդիմադիր ուժեր»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արման Բաբաջանյանը մտահոգություն հայտնեց. «Գործի են դրվել ապաքաղաքական միջոցներ: Վստահ ենք, որ այդ գործողությունները շարունակվելու են նաև հետայսու: Մենք չենք պատրաստվում հանդուրժել ապաքաղաքական քայլերը նոր Հայաստանում: Խոսքը ԲՀԿ-ի մասին է»:
Այս առիթով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի չորրորդ համարը զբաղեցնող Գևորգ Գորգիսյանը նկատեց. «Երևանում մենք երկրորդն ենք, ինչը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու՝ այն տեղերում, որտեղ ժողովուրդը սոցիալապես խոցելի է, այդ ռեսուրսներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել: Հիվանդ համակարգը քանի կա, կարող են լինել նման արդյունքներ»:
Հարցին՝ այն շահարկումները, որ «Լուսավոր Հայաստանը» «Իմ քայլից» ծնված ընդդիմություն է, արդյոք դրանով կաշկանդված չե՞ն լինի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստանը» ծնվել է ՀՀ քաղաքացիներից: 2015-ին, երբ մեր կուսակցությունը ծնվել է, այն ժամանակ չեն եղել այդպիսի դաշինքներ, չի կարելի նսեմացնել այն հազարավոր քաղաքացիների քվեարկությունն և աջակցությունը, որ այսօր արձանագրել ենք: Կլինենք, կտեսնեք: Իրավիճակն այնպիսին է, որ ուրիշ ընդդիմություն խորհրդարանում լինել չի կարող: ԵԼՔ դաշինքի մեր բանավեճերը որ լսեիք, կարող էինք վախենալ ու դուռը փակել: Քննադատություն, եթե նկատի ունեք քաչալ շուն, գող փիսո ոճի մեջ, ապա ասեմ, որ «Լուսավոր Հայաստանը» երբեք այդ ոճում չի քննադատել որևէ մեկին: Հույս ունեմ, որ գող, ավազակ նախարարներ չենք ունենալու, հետևաբար նման քննադատություն ունենալու անհրաժեշտություն չի լինելու: Դա մեր բառամթերքը չէ»:
Արման Բաբաջանյանն էլ հիշեցրեց՝ այն ուժը, որը միահեծան, իր պատկերացրած քայլերով առաջնորդվել է, դրա հետևանքը տեսանք, թե ինչով վերջացավ. «Մեր քաղաքացիները չպիտի հանդուրժեն նաև այդպիսի հնարավորություն և հեռանկար: Մենք անվարան հենց այդ գիծն ենք տանելու»:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ ոչ փոքր թվով ձայներին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հարգանքով ենք մոտենում մեր քաղաքացիների քվեարկությանը, և եթե օրինակ իմանամ, որ մեկը փողով է ընտրել, հարգանքով չեմ մոտենա: Բայց որքանով հասկանում ենք, չի եղել նման իրավիճակ: Այո, կան մարդիկ, որոնք ունեն հետևյալ սկզբունքային դիրքորոշումը»:
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ երեկ գիշեր համեմատել է ԵԼՔ դաշինքի և «Լուսավոր Հայաստանի» գրանցած ցուցանիշները և հայտարարեց. «Մենք ԵԼՔ դաշինքի, փակագծերի մեջ, ռեկորդն անցել ենք, քանի որ ԵԼՔ-ը երևանյան ուժ դարձավ, քանի որ միայն Երևանից ռեյտինգային թեկնածուներ ընտրվեցին, իսկ «Լուսավոր Հայաստանը» կարողացավ իր աշխատանքով, սկզբունքներով, հետևողական, գաղափարական պայքարի արդյունքում այնպիսի արդյունքներ արձանագրել, որ և՛ Երևանից, և՛ մարզերից են մարդիկ ռեյտինգային ընտրակարգով ընտրվել»:
Ասուլիսի ավարտին Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ վաղը կատարելու է իր վերջին պարտքը ԵԼՔ դաշինքի հետ կապված. մեկնելու է Փարիզ և մասնակցելու ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ