Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ թեկնածու հարձակման չի ենթարկվել, անարդար հարձակումներ որեւէ մեկի վրա չեն եղել». Միջազգային դիտորդները՝ ՀՀԿ-ի բողոքների մասին

Դեկտեմբեր 10,2018 16:42

ՀՀ-ում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական գնահատականները ներկայացրեցին միջազգային դիտորդները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուսուլա Գաչեկի գնահատմամբ՝ «Մարդու հիմնարար ազատությունների իրավունքը պահպանվել եւ պաշտպանվել է այս ընտրությունների ժամանակ, որովհետեւ ընտրողների վստահությունը շատ բարձր է: Վստահությունից հետո պարտականություն է ծագում, այն պետք է իրականացվի, որպեսզի բավարարվի ժողովրդի վստահությունը»:

Նա նշեց, որ առաջարկություններ են արել նաեւ թերությունների վերաբերյալ, քննարկել են այն իրենց գործընկերների հետ. «Դա վերաբերում է հիմնականում օրենսդրական դաշտին: Կոչ ենք անում, որ ֆինանսավորման գործընթացները լինեն թափանցիկ»:

Ուսուլա Գաչեկը հայտարարեց՝ «Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ե՛ւ թեկնածուների, ե՛ւ ընտրողների նկատմամբ: Մենք պատրաստ ենք օգնել ՀՀ-ին վերացնելու այն թերությունները, որոնք կան: Հայաստանը մինչեւ այսօր նման ընտրություններ չի ունեցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասացիք, որ ճնշումներ չեն եղել, քվեների առուվաճառք չի եղել, նախկինում նման հայտարարություն չեք արել, որ եղել են, կա՞ր կաշկանդվածություն եւ հետո խորհրդարան չանցած ընդդիմությունը հայտարարում է, որ նախընտրական շրջանում եղել են սպառնալիքներ, կոշտ հայտարարություններ, դա դիտարկվե՞լ է:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեիդի Հաութալան պատասխանեց. «Նախորդ ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունում ասել ենք, որ եղել են ճնշումներ, քվեների առուվաճառք, մենք դրանք դիտարկել ենք»:

Իսկ Ուսուլա Գաչեկն ասաց. «Նախընտրական ընտրարշավը դիտարկել ենք ամենասկզբից, մեզ այցելել են տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ, խոսել են սպառնալիքների մասին, մենք նրանցից ապացույցներ ենք պահանջել: Եղել են վատ ճառեր, թշնամական արտահայտություններ, հռետորիկան, իհարկե, քաղաքակիրթ ձեւով չի եղել, բայց դա մնացել է թույլատրելի քարոզարշավի շրջանում, մենք արտառոց բան չենք տեսել այս քարոզարշավին»:

Aravot.am-ը հարցրեց՝ ասում եք՝ զրուցել եք թեկնածուների հետ, որոնք խոսում են սպառնալիքների մասին, նրանցից պահանջել եք ապացույցներ, չե՞ն ներկայացրել այդ ապացույցները, որովհետեւ ՀՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց թեկնածուների նկատմամբ կան ճնշումներ, երեկ ՀՀԿ առաջատար թեկնածուներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ սրանք Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն էին, որովհետեւ երբեւէ թեկնածուներին չեն կանչել ԱԱԾ, դուք նրանցից սպառնալիքների ու ճնշումների վերաբերյալ ապացույցներ չե՞ք ստացել՝ դրանք պահանջելով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուսուլա Գաչեկը պատասխանեց, որ մեր մատնանշած հայտարարությունները եղել են ընտրության օրվանից մի քանի օր առաջ. «Մենք դեռևս ժամանակ ունենք մնացած մանրամասները ուսումնասիրելու, որ տեսնենք՝ կա՞ն արդյոք նման դեպքեր, եթե կան, մենք անպայման կվկայակոչենք: Հնարավոր է մենք ստանանք նոր բողոքներ, այդ ամենը մենք հաշի կառնենք, խնդրում եմ լինել համբերատար: Ցանկացած մեղադրանք, ցանկացած հիմք, որ կստանանք, դրանք կգնահատենք միանգամայն անկողմնակալ ձեւով: Եթե անհրաժեշտ է, դրանք մեր վերջնական հաշվետվության մեջ կլինեն մոտ 6-8 շաբաթվա ընթացքում»:

Իսկ ԵԱՀԿ հատուկ համակարգող Պետեր Օսուսկին ի պատասխան հայտարարեց. «Որեւէ թեկնածու պետության կողմից հարձակման չի ենթարկվել, անարդար հարձակումներ որեւէ մեկի վրա չի եղել: Չի եղել ճնշում, որը կարող էր ինչ-որ ձեւով ազդել ընտրությունների արդյունքների վրա, կամ էլ ուրիշ կուսակցությանը օգներ, որ նա ավելի շատ ձայներ հավաքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31