Թե քաղաքացիները որ կուսակցության կամ դաշինքի օգտին էին պատրաստվում խորհրդարանական ընտրություններին քվեարկել, GALLUP International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն մինչեւ ընտրությունները հարցումներ էր կատարել: Ընտրությունների նախնական պաշտոնական տվյալներն ու հարցումների արդյունքները չեն համընկնում:
Հիշեցնենք, որ GALLUP-ի International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ընտրություններից մի քանի օր առաջ ներկայացրել էր իրենց հարցումների արդյունքները, «Իմ քայլ»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, ՄԵՆՔ՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ 0.0%:
Պաշտոնական տվյալներով, 70,44 տոկոսով հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղը ձայների 8,27 տոկոսով զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ձայների 6,37 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, ՀՀԿ` 4․7 տոկոս, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն` 0,68 տոկոս, ՀՅԴ ` 3,89 տոկոս, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն ` 0,51 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն ` 0,33 տոկոս,«Մենք» դաշինք ` 2 տոկոս, «Օրինաց երկիր» ` 0,99 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն `1,82 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8,27 տոկոս:
Aravot.am-ը փորձեց Արամ Նավասարդյանից ճշտել՝ ինչն է պատճառը, որ ընտրությունների արդյունքներն ու իրենց հարցումների արդյունքները էականորեն հակասում են իրար, ի պատասխան Արամ Նավասարդյանն ասաց, որ. «Ես հպարտ եմ մեր թիմով, կարող եմ հպարտանալ մեր մասնագիտական թիմով, որովհետեւ այն ցուցանիշները, որ հրապարակել ենք լիովին համապատասխանում է թե ուժերի դասավորությամբ, թե նաեւ ստացված տոկոսներով, որովհետեւ տարբերությունը միջինում երկու տոկոս է: Եթե հաշվի ենք առնում, որ հետազոտություններն արել ենք համամասնական ընտրակարգով, վարկանիշայինները մենք չենք չափել, վստահ ասում եմ, որ մեր կողմից հետազոտությունը շատ մոտիկ էր ստացված տվյալներին, եւ հերթական անգամ նման հետազոտությունների շրջանում, մենք լավագույնն ենք Հայաստանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ