Միջազգային դիտորդներն այսօր ներկայացրեցին իրենց գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն ասաց. «Այս տարվա այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, նաեւ ղեկավարության քաղաքական կամքը հնարավորություն տվեց, որ անցկացվեն իրականում ժողովրդավարական ընտրություններ: ԵԽԽՎ-ն ընտրությունները դիտարկել է՝ սկսած 95-ից, չնայած ընտրական բարդ համակարգին, սոցցանցերի միջամտություններին, չկարգավորված ընտրական համակարգին, ՀՀ-ում ընտրությունները հաջող տեղի ունեցան»:
Նա նշեց, որ հայաստանյան իշխանության ներկայացուցիչները պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացնեն. «ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովը հույս ունի շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ-ի հետ եւ մեր վերջնական հաշվետվությունը կներկայացվի Ստրասբուրգում՝ հունվարին»:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին գենդերային հավասարության եւ քարոզարշավի ֆինանսավորման մասին խոսեց: Նա ասաց. «Բոլոր թեկնածուների շրջանում 25 տոկոսը կազմում էին կանայք, նույնիսկ 32 տոկոսի էր հասել թեկնածուների մեջ կանանց ներկայությունը, թվում էր դրական միտում է, բայց չի ապահովում միեւնույն համամասնությունը կանանց ներկայության ԱԺ-ում: Քաղաքում երբ շրջում էի, նկատեցի, որ կանայք շատ քիչ են երեւում քարոզարշավում, նրանցից շատերը քրտնաջան աշխատում էին ընտրատեղամասերում՝ որպես հանձնաժողովի անդամներ: Կանայք հազվագյուտ էին ելույթ ունենում՝ որպես զեկուցողներ: Շատ վատ հռետորիկա ենք լսել, որ վերաբերում էր կանանց գենդերային պատկանելությանը: Քաղաքականությունը պատմականորեն գիտեք, որ եղել է տղամարդու գործը, բայց բնակչության կեսից ավելին կանայք են ու սա պետք է արտահայտվի նաեւ քաղաքականության մեջ»:
Տիկին Լանջրին հույս հայտնեց, որ կխրախուսեն, որ կանայք ավելի շատ լինեն ու հաջորդ ընտրությունները լինեն ներկայացուցչական ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար:
Քարոզարշավի ֆինանսավորմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ հույս ունեն համակարգը կբարելավվի: Նա նշեց, որ նախորդ հանձնարարականները եւ առաջարկությունները, որոնք վերաբերում էին քարոզարշավի ֆինանսավորմանը, գրասենյակներին, տրանսպորտին, այդ հանձնարարականները չեն իրականացվել եւ պետք է բոլոր այս ծախսերը համապատասխան հաշվետվության մեջ արտահայտվեն, պետք է հաշվետու լինեն իրենց կատարած ծախսերի. «Քարոզարշավների ժամանակ պետք է թափանցիկություն լինի ծախսերի: Մենք կողջունենք բոլոր ճիգերը օրենսդրական փոփոխությունները, որոնք կվերաբերեն ֆինանսավորման թափանցիկությանը»:
Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեիդի Հաութալան էլ նշեց, որ ինքը նախորդ խորհրդարանական ընտրություններին էլ է եղել ՀՀ-ում ու տեսնում է՝ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել այս երկրի քաղաքական կյանքում:
Նա հիշեցրեց ԵՄ համաձայնագրի մասին ու ասաց, որ դրան հետեւելու է աջակցություն:
Նա մի քանի դիտողություն ուներ. «Կուսակցությունների համար կարճ ժամանակ էր մնացել նախապատրաստվելու, ընտրական հանձնաժողովները կարճ ժամանակ ունեին կազմակերպելու, ԿԸՀ-ն բարձր մակարդակի անցկացրեց այս դժվար գործընթացը: Իհարկե, մեկ գիշերվա մեջ վատ պրակտիկան չի վերանում, մենք ուրախ ենք, որ եղել են որոշակի փոփոխություններ, օրինակ, ՔրՕրի փոփոխությունը: Ես կցանկանայի, որ վատ պրակտիկան չժառանգեին ապագայում, ունենանք ավելի բարձր ու ազատ ընտրություններ»:
Ամփոփելով գնահատականը՝ նա ասաց. «Այս ընտրությունները շատ լավ կազմակերպվեցին, նվազագույնի են հասցվել խախտումները, մենք ողջունում ենք ՀՀ ղեկավարությանը եւ մասնակիցներին: ԵՄ-ն ավելի է խորացնելու ԵՄ-ՀՀ հարաբերությունները եւ շարունակելու է աջակցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ