Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Կամայական դատական հետապնդումներից խուսափելու նպատակով այժմ Գերմանիայում ապաստանած Բաղդատն այդ գրառումից հետո բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստացել սոցցանցում:
Նրա հասցեին արված վիրավորանքներից ամենաաղմկահարույցը Թուրքիայի Բոլուի շրջանի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մուսթաֆա Քեսքինի գրառումն է: Պոլսահայ լրագրողին նա անվանել է «սրի ավելցուկ»:
Միջանկյալ պարզաբանենք, որ այդ արտահայտությունով Օսմանյան կայսրության ժամանակ անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը չէին կոտորել՝ ունենալով դրա հնարավորությունը (կյանքները բաշխել են): Հետագայում այդ տերմինը տարածվել է նաև ցեղասպանությունից փրկված հայերի վրա:
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պրոֆեսոր Քեսքինին՝ նմանատիպ վիրավորանքի և փաստորեն Հայոց ցեղասպանության ոճիրն արդարացնելու համար: Իսկ թուրք պրոֆեսորն արձագանքել է հետևյալ կերպ. «Վերջին անգամ եմ գրում՝ իմ պատմության մեջ ցեղասպանություն չկա: Դրա վերաբերյալ որևէ դատարանի որոշում չկա: Այդ թեմայով բառ անգամ չեմ գրելու»:
Աղբյուր` Ermenihaber/Evrensel