Միջազգային դիտորդների գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աննախադեպ դրական էին:
ԵԱՀԿ հատուկ համակարգող Փիթեր Օսուսկիի գնահատմամբ՝ «Եզրակացությունն այն էր, որ ազատ պայմաններում է տեղի ունեցել ընտրությունը, եւ եղել է ժողովրդի լայն վստահությունը, գործել են բաց քաղաքական բանավեճերը, ներառյալ առցանց ԶԼՄ-ների մասնակցությամբ: Որոշակի մտահոգություններ են առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է անարդար պայմաններ: Խախտումներն, ընդհանուր առմամբ, բացակայել են, քվեների առուվաճառք եւ ճնշումներ տեղի չեն ունեցել, որը հնարավորություն է տվել իրական մրցակցություն ապահովել: Բոլոր դիտորդները նշել են, որ ԸՕ դրույթները պաշտպանվել են, մարդիկ նշել են, որ ընտրությունների քարոզարշավի ընթացքում բաց եւ պարզ միջավայր է եղել: Նույնիսկ մեր դիտորդները նշում էին, որ լավ կլիներ, որ ձեր լիդերների բանավեճերի նման բանավեճեր լինեին իրենց երկրներում»:
Ըստ Օսուսկու, այսօրվա ղեկավարությունը ունեցել է քաղաքական կամք՝ այս ընտրությունները անցկացնել ազատ ու լավ պայմաններում ու չի խրախուսել քվեների առուվաճառքը: Այդուհանդերձ, լրացուցիչ փոփոխություններ են պետք. Իրականում ՀՀ-ի այս ընտրությունները բերել են լավ էներգիա եւ կորով: Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ՝ առանց վստահության: Ընտրությունների ժամանակ կար լայն հանրության վստահությունը եւ այս ընտրությունների հիմնական բնութագիրը սա է եղել: ՀՀ կառավարությանը պետք է, որ սա պահի եւ այս դրական փոփոխությունները շարունակի նաեւ ապագայում»:
Նա նաեւ ասաց՝ «Մոտ 15 տարի առաջ եմ ես եղել այստեղ՝ որպես դիտորդ: Այն, ինչ տեսել եմ ես նախկինում, մեկ պարզ նախադասությամբ է արտահայտվում, որն ասում էր մեր այն վարորդը, որը տանում էր մեզ ընտրատեղամասեր՝ հույս չկա Հայաստանի համար: Երեկ ես այն մարդկանցից մեկն էի, որ տեսա՝ ՀՀ-ում, փառք Աստծո, կա հույս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ