Սիրելի մտահոգ քաղաքացիներ ջան: Ավարտվեցին ընտրությունները: Արդյունքներից տեղյակ եք բոլորդ: Ես այսօր արդյունքներից չեմ խոսի, կխոսեմ ավելի կարեւորից: Կխոսեմ պայքարող տեսակից, կխոսեմ մտահոգ քաղաքացիներից: Կխոսեմ նոր պայքարի սկզբի մասին:
Բայց նախ եւ առաջ ուզում եմ արձանագրել մի բան. Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ այս ընտրությունները աննախադեպ էին: Աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլեւ աննախադեպ էին, որովհետեւ պետության ղեկավարությունը, իշխանությունը, ռեժիմը, ինչպես կուզեք կոչեք, ամեն ինչ արեց հասարակության մի մասին սեւ անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի մթնոլորտ քարոզել-տարածելու եւ ինչու չէ՝ նաեւ վախի մթնոլորտ տարածելու համար:
Բայց նույնիսկ այս պայմաններում, որտեղ մեկ ձայնը մտահոգ քաղաքացու հավասար էր երեկվա հազար ձայնին, Հայաստանի Հանրապետությունում գտնվեցին շուրջ 60 հազար արժանապատիվ, մտահոգ, ազգային եւ քրիստոնեական արժեքներով քաղաքացիներ, որոնք չընկրկեցին ոչ վախի մթնոլորտի, ոչ ատելության, ոչ էլ սպառնալիքների առջեւ՝ ձայն տալով Հանրապետական կուսակցությանը:
Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ովքեր ձայն են տվել համար 1-ին՝ Հանրապետական կուսակցությանը: Ես ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության եւ մեր համակիրների վերածննդի օրն է: Վերածննդի, որովհետեւ դուք ոչ ասեցիք ատելությանը, թշնամանքին, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն, յուրայինների եւ օտարների բաժանմանը: Դուք համարձակ քաղաքացիներ եք, դուք իրական մտահոգ քաղաքացիներ եք, եւ այդ 60 հազար ձայները մեզ թեւեր են տալիս պայքարելու նոր փուլ սկսել, պայքարելու հանուն ազգային, քրիստոնեական, ժողովրդավարական Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որտեղ չկա ատելություն, թշնամանքի մթնոլորտ, որտեղ պետության ղեկավարը չի բաժանում իր քաղաքացիներին լավերի ու վատերի, հանուն այն Հայաստանի, որտեղ գործում է իրական սերն ու համերաշխությունը: Ես շնորհակալ եմ ձեզ:
Մեր պայքարը նոր է սկսվում, մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը: Դուք ապացուցեցիք՝ ի հեճուկս որոշ այսօրվա ղեկավարների, Հայաստանի հանրապետական կուսակցությունը պայքարող կուսակցություն է, որ դուք վստահում եք ազգային ուժին, որ հույս եք կապում մեր քաղաքական ուժի հետ եւ ես ու իմ ընկերները իրավունք չունենք չպայքարելու, հաշվի չնստելու ձեր յուրաքանչյուրի մտահոգման հետ: Ես կոչ եմ անում համախմբման, միասնության, նոր պայքարի, Հանրապետական կուսակցության 60 հազար համախոհների հետ միասին: Հիշո՞ւմ եք՝ ասում էի, որ 28-ը դառնալու է 2800, 28000: Մարդիկ, ովքեր ասում էին՝ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին, որ կա 60 հազար քաղաքացի, որոնք ոչնչից չեն վախենում, որոնց անհնար է վախեցնել: Կա մի քաղաքական ուժ եւ կան քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են հանուն իրենց գաղափարների պայքարել… համոզված եղեք, որ պայքարը շարունակվելու է, որ պայքարը ընդդեմ չի, այլ հանուն է: Մենք իրավունք չունենք հիասթափեցնելու ձեզ: Դուք ձեր քվեարկությամբ ապացուցեցիք, որ հանրապետականը եղել է, կա ու կլինի եւ Հայաստանի քաղաքական համակարգի ամենաառանցքային դերակատարներից մեկն է: Մենք շարունակելու ենք մեր պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն եւ կոչ եմ անում ձեզ չվհատվել: Սա ոչ թե պարտություն է, այլ հաջողություն է եւ հաղթանակ է: Մենք ապացուցեցինք առաջինը ինքներս մեզ, երկրորդը՝ մեր հակառակորդներին, որ Հայաստանում կան մտահոգ քաղաքացիներ եւ այդ մտահոգ քաղաքացիները անելու են ամեն ինչ, որպեսզի վաղվա Հայաստանը զերծ լինի ատելությունից եւ թշնամանքից: Աստված պահապան բոլորիդ ընտանիքներին:
https://www.facebook.com/333386077462494/videos/533441520466395/?__xts__[0]=68.ARCmNr6Ds1GaqkYPaYLdXVJyUxeyyO-cfvmQ1EaKY4l5XJkTanMqeCe_uqd16N0v-_yUtxyx_R32XjJPjhIargwf-02-YvUrB7FA0Nay673tk34IPxw1tP9BGjwTjHeTjrMySsLovGYxFm8q0O5GyA3BGslwvMGmF0dQEzeHf4a8t1rJ_8V9MUr_vdzc3_gKgMl7sDXIoSJjqQyfDAXHdNeDX389nZCgOsN5f1g4t6jsMWqvxcAkZMiZ8vODgLsfTFCuAPXTqjRtxbZZ2PD2kwCgLkvH-SRcoMwxa21qtG7oscj1N1XV77AOU-nxPMXCwGuMicZCXtyCO7JlTC6LRG0hfvVkz6XrzozoK7Exh9of3upuxAfdgvsQlx1phkdY&__tn__=-R
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ