Հարցազրույց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ
-Ինչո՞ւ «Սասնա Ծռերը» չանցավ խորհրդարան:
-Ես առանց կասկածի կասեմ, որ կար հստակ ճնշում: Այդ ճնշումը հստակորեն պետք է ասել, որ դրսից էր ավելի շատ՝ հյուսիսի մեր հարևանի կողմից: Մենք դա հասկացել էինք և զգացել էինք վաղուց: Այդ դրսի ուժերը և՛ բացահայտ, և՛ թաքուն կերպով խնդիր դրել էին, որպեսզի «Սասնա Ծռերը» չանցնեին: Դա դրսևորվել է տարբեր ձևերով. հանրության մոտ կարծիքի ձևավորման բավական համալիր, կոմպլեքս միջոցներով և առանձնակի ճնշումներով: Իհարկե, այս բոլորի կողքին ես նաև չեմ բացառում, որ մեր կողմից եղել է իրավիճակի ոչ ճիշտ գնահատանք, մարտավարական: Ես չեմ ուզում «Սասնա Ծռերի» խորհրդարան չանցնելու, այսպես ասած, մեղքը բարդել միմիայն մեզնից անկախ այլ գործոնների վրա, հատկապես՝ արտաքին գործոնների վրա: Դա կա, եղել է այդ արտաքինը, բայց ցանկացած քաղաքական ուժ, որը ձախողություն է կրում, պարտադիր ինքը պետք է նաև ուսումնասիրի, քննարկի, թե արդյո՞ք ինքն իր կողմից ռազմավարական, մարտավարական սխալներ արել է, թե՝ ոչ: Եվ ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է այդ ներքին քննարկումն անենք: Հետևաբար` ուզում եմ ամփոփել՝ ասելով, որ չանցնելու պատճառները զուգահեռաբար և՛ արտաքին էին, և՛ միգուցե նաև ներքին՝ մեր սուբյեկտիվ սխալները: