Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է բնական, նորմալ մասնակցություն». Տիգրան Մուկուչյան

Դեկտեմբեր 10,2018 15:45

«Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո յոթերորդ օրը»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այդ ամփոփումից հետո կհայտարարվի ԱԺ-ի առաջին նիստի օրը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներն այսօր ժամը 12.00-ից սկսելու են ստորագրված ցուցակների սկանավորման գործընթացը, որը կհրապարակվի ԿԸՀ կայքում: Կսկսվի տեխնիկական սարքավորումներից դուրս բերված էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկատվության ներբեռնումը համակարգիչներ, կուսումնասիրվեն գրանցամատյաններում առկա գրառումները, կդարձվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից քննարկման առարկա»:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց՝ մինչև վաղն առավոտ կարող են ներկայացնել դիմումներ՝ վերահաշվարկի իրականացման, քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման հետ կապված:

Տիգրան Մուկուչյանը ձեռնպահ մնաց մանդատների բաշխման հետ կապված տվյալներ ներկայացնել: Նա նշեց, որ մինչ այդ որոշ քայլերի հաջորդականություն կա իրականացնելու. «Առաջին քայլով որոշվելու են կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք հինգ, յոթ տոկոսանոց շեմն են հաղթահարել, 105 մանդատները համամասնորեն բաժանվելու են ստացված ձայների միջև, որից հետո ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական մյուս կեսը տարածքային ընտրական ցուցակներում: Նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը: Երբ պարզ կլինի յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանալու, հետո կորոշվեն կոնկրետ անձինք՝ պայմանավորված կոնկրետ տարածքում իրենց ստացած ձայների համապատասխան»:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ձայների վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ:

Դառնալով ՍԴ դիմելու վերջնաժամկետին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո հինգերորդ օրը: ՍԴ դիմելու վերջնաժամկետն է»:

Ընտրությունների մասնակցության ցուցանիշի վերաբերյալ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հատկապես կեսօրից հետո նկատվում էր բավականին ակտիվ մասնակցություն, առավոտյան պասիվ մասնակցությունը գուցե պատճառ էր եղանակային պայմանների: Մասնակցության առումով համարել, որ դա եղել է ցածր կամ ընտրողները ակտիվ չեն եղել, չեմ կիսում այդ կարծիքը: Եղել է բնական, նորմալ մասնակցություն»:

Դառնալով Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, թե Սյունիքում եղել են ուղղորդումներ, դեպի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն, Տիգրան Մուկուչյանն ասաց. «ԿԸՀ կամ տարածքային ընտրական հանձնաժողով դիմում չի ներկայացվել: Անձամբ կապ եմ հաստատել Սյունիքի մարզպետի հետ, նա պնդել է, որ նման խնդիր առկա չէ, որևէ ուղղորդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31