ԱՊՀ 8 երկրների ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական առաքելությունը, որն արտահերթ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում մշտադիտարկում է անցկացրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատեց ընտրությունների կազմակերպման ընթացքը` որպես յուրահատկություն մատնանշելով քարոզարշավի եւ ընտրությունների նախապատրաստման կարճ ժամանակահատվածը։
Դիտորդական առաքելության գնահատմամբ` գործող Ընտրական օրենսգիրքը թույլ է տվել անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ. «Այնուամենայնիվ, կարելի էր հստակեցնել ԸՕ որոշ դրույթներ` դիտարկելով, օրինակ, սահմանափակ կարողություններով մարդկանց ընտրական իրավունքի իրացման հնարավորությունները։ Նկատի ունենք տանը քվեարկելու հնարավորությունը` շարժական քվեատուփերի միջոցով։ Առհասարակ, դա հնարավորություն է նրանց համար, ովքեր առողջական վիճակից ելնելով` չեն կարող գնալ ընտրատեղամասեր։ Ներկայումս նրանք փաստացի զրկված են ընտրելու իրավունքից»:
ԱՊՀ դիտորդների համատեղ արձանագրության մեջ նշվում է նաեւ, որ կարճ ժամանակում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ կազմակերպչական գործողությունները. «Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակներին, մեր գնահատմամբ` դրանց կազմումը համապատասխանում է ընտրական օրենսդրությանը»:
Դիտորդական առաքելությունը նաեւ արձանագրել է, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի լայն շրջանակը քաղաքացիներին թույլ է տվել ընտրություն կատարել. «Քաղաքական ուժերի համար ապահովվել են հավասար պայմաններ` նախընտրական քարոզչության իրականացման համար։ Նրանք հնարավորություն են ունեցել օգտվել անվճար եւ վճարովի եթերաժամանակից»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ