Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տանում: Այս գլխագրով են լուսաբանում միջազգային լրատվամիջոցները Հայաստանում կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանին վերաբերող իրադարձությունների մեծ մասը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ամրապնդելով իր իշխանությունը, հաղորդում է BBC-ն:
Այժմ նա ստացել է խորհրդարանական մեծամասնություն կոռուպցիան արմատախիլ անելու և տնտեսությունը վերականգնելու իր ծրագիրն իրականացնելու համար: Ընտրությունների մասնակցությունը եղել է ցածր՝ 49%:
BBC-ն նկատում է, որ պատմականորեն Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մթագնում էին ընտրակաշառքներով և կեղծիքներով, բայց Հայաստանում հույս կար, որ այս անգամ այլ է լինելու:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունը, քանի որ նրա գլխավորած քաղաքական ուժը հաղթանակ է տարել կիրակի հետխորհրդային այդ երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 70.4 տոկոսը, հաղորդում է Euronews-ը:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Փաշինյանն իշխանության է եկել մայիսին՝ երկու շաբաթ տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո:
Բրիտանական The Telegraph պարբերականը նույնպես վկայակոչում է ԿԸՀ արդյունքները՝ փաստելով, որ Փաշինյանը «համոզիչ հաղթանակ է տանում «հեղափոխական» քվեարկության արդյունքում»:
«Ընտրություններ Հայաստանում. ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տանում». այսպես է վերնագրել իր հոդվածը մեկ այլ բրիտանական պարբերական՝ The Guardian-ը: Թերթը գրում է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը փորձ կատարեց փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Բայց նրա այդ քայլն արգելակվեց խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության կողմից:
Բրիտանական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The Times-ը գրում է, որ ցույցերի արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հեղափոխական մեծամասնություն» է ստանում խորհրդարանում: Թերթը հիշեցնում է, որ Փաշինյանն իշխանությունը ստանում է մի պայմաններում, երբ Հայաստանի բնակչության 30%-ն ապրում է աղքատության մեջ:
Ամերիկյան The Financial Times-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ մանդատ է ստանում այն հեղափոխության համար, որն այս տարի ավելի վաղ նրան բերեց իշխանության: Թերթը նկատում է, որ Փաշինյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 70.5 տոկոսը, իսկ Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարին նա հեռացրել էր իշխանությունից, չի կարողացել հաղթահարել 5%-ի շեմը:
«Քվեարկությունն ամրապնդում է 3 միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային այս պետության դրամատիկ տարին»,- գրում է թերթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ