Հայտնի խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից (անգլերենից) առաջին անգամ թարգմանվել են հայերեն, քանի որ մինչ այժմ թարգմանություններն արվել էին ռուսերենից: Դեկտեմբերի 8-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուի շնորհանդեսը:
Սըր Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել է հայերեն թարգմանությամբ 6 գրքից կազմված հավաքածու, որը ըստ միջոցառման կազմակերպիչների՝ յուրահատուկ նվեր է Հոլմսի բոլոր սիրահարների համար: Վեց գրքերն էլ լույս են տեսել Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների կողմից: Թարգմանիչներն են՝ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը: Երիտասարդ թարգմանիչները մասնակցել են մրցույթի, որի արդյունքում էլ ընտրվել են:
Շնորհանդեսն ավելի հետաքրքիր և ինտերակտիվ դարձնելու նպատակով թարգմանիչներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինչ- որ փաստ Շերլոքի մասին: Քրիստինե Չիլինգարյանն ասաց. «Շերլոք Հոլմսի մասին պատմող պատմվածաշարը ու վիպակները ունեցան եւ գեղարվեստական, եւ կիրառական նշանակություն: Պատմվածքներում կիրառված մեթոդները և հատկապես դետուկտիվ մեթոդը սկսվեց կիրառվել տարբեր երկրների քրեագետների և ոստիկանների կողմից: 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի ոստիկանությունը քննիչների համար պարտադիր քննական ծրագրում մտցրեց Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունները»:
Հետաքրքիր փաստերից է նաև այն, որ կերպարը ստեղծելուց 2 տարի անց հեղինակը ձանձրանում է Շերլոքից և որոշում է գրել եզրափակող պատմվածք, որը «Վերջին գործը» ստեղծագործությունն է: Սակայն բազմաթիվ ընթերցողների խնդրանքով նա կրկին շարունակում է պատմվածաշարը: Շերլոք Հոլմսի երկրպագուները ամեն տարի հունվարի 6-ին մեծ շուքով նշում են նրա ծննդյան տարեդարձը:
Շնորհանդեսի ընթացքում կազմակերպվեց թեյախմություն, որի ընթացքում էլ հյուրերը դիտեցին Շերլոքի «Գարշելի հարսնացուն» ֆիլմը:
Նույն թարգմանիչների կողմից թարգմանվել է նաև Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը»: Վեց գրքերից յուրաքանչյուրում կա կորուսյալ աշխարհի քարտեզ: Գտնելով և հավաքելով ամբողջական պատկերը՝ ընթերցողները մրցանակ կստանան «Կորուսյալ աշխարհ» գիրքը: Մրցույթը գործելու է դեկտեմբերի 20-ից մինչև մարտի 20-ը:
Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ