Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հաղթեց առանց պայքարի. Ռուսաստանի բարեկամները քննության տակ են. «Կոմերսանտ»

Դեկտեմբեր 10,2018 15:11

Հայաստանում կիրակի օրը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կոչված էին ավարտել մարտին «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված անցումային շրջանը: Նախնական տվյալներով, ինչպես և սպասվում էր, հաղթել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Հաղթողների տրամադրությունը մի փոքր փչացրել է այն, որ ընտրողների մասնակցությունը նկատելիորեն քիչ էր, քան «մինչհեղափոխական» ընտրություններին, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Հայաստանի ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ նախընտրական քարոզարշավի ամենասուր հարցերից մեկն էր դարձել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, որն առաջացել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չկարգավորված խնդրի, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան երկրից հանելու օգտին աճող տրամադրությունների և ընտրությունների նախօրյակին Վլադիմիր Պուտինի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված:

Ընտրությունների առաջին ժամերի արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ մարդիկ նույնքան ակտիվ չեն գնում ընտրատեղամասեր, որքան մեկ ու կես տարի առաջ հերթական խորհրդարանական ընտրություններին: Մասնակցության վերջնական տվյալները նույնպես հարաբերականորեն բարձր չեն. 48,63 %-ն ընդդեմ 2017թ. ընտրությունների 60,93%-ի, գրում է թերթը:

Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերում նախորդ ընտրությունների բարձր մասնակցությունը բացատրեց անարդար միջոցների կիրառմամբ: «Խորհրդարանական ընտրություններին մասնակցության ակտիվությունը ցածր է, քանի որ առավոտից չեն կազմակերպվել տրանսպորտային միջոցներ, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: Իհարկե, մենք չենք կիրառում այնպիսի մեթոդներ, ինչպես նախորդ իշխանությունները»,- հայտարարել է նա:

Սակայն ընտրություններում վստահ հաղթանակը դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը հակառակորդներ ընդհանրապես չի ունեցել, նշում է «Կոմերսանտը»: Քվեարկությունից ընդամենը հինգ օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել էր Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի խոսակցությունների գաղտնալսումը, որի ընթացքում նրանք քննարկում են՝ ինչպես վարվել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի հետ (նրանք մեղադրվում են 2008թ. մարտի մեկի ցույցը ցրելիս լիազորությունների չարաշահման մեջ):

Ուշագրավ է, որ Երևանում նախընտրական սկանդալի կենտրոնում հայտնված երկու մեղադրյալներն էլ մինչև վերջերս եղել են ռուս-հայկական հարաբերությունների նշանակալի դեմքեր, նշում է «Կոմերսանտը»:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ (օրինակ, այս տարվա օգոստոսի 31-ին՝ արդեն «թավշյա հեղափոխությունից» հետո, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ): Այնուամենայնիվ, ընտրություններից բառացիորեն երկու օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց: Նա ինքը եկավ կալանավորվածներին պահելու վայր, սակայն իր կալանավորումն անվանեց «քաղաքական որոշում» և «վենդետա»: «Իսկ նրա կողմնակիցները և անկախ քաղաքագետները վստահ էին, որ այդ քայլով պարոն Փաշինյանը ձգտում է ընտրությունների նախօրեին բարձրացնել իր անձնական վարկանիշը»,- կարծում է «Կոմերսանտը»:

Նույն օրը՝ անցած ուրբաթ, ավելի սրվեց իրավիճակը նաև ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, որը մինչ օրս չի նշանակվել: Հայաստանի ընտրություններից երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ նոր գլխավոր քարտուղարի հարցը գործնականորեն համաձայնեցված է Ռուսաստանի, Ղազախստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ: Պարոն Լուկաշենկոն ակնարկեց, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

Սակայն այս անգամ ևս Երևանում խաղացին սրացման վրա՝ շտապելով չհամաձայնել Բելառուսի ղեկավարի խոսքերի հետ՝ այդպիսով ևս մեկ ազդակ ուղարկելով նաև Մոսկվային, գրում է թերթը:

Բացի այդ, Հայաստանում նախընտրական կրքերն ավելի բորբոքվեցին՝ առանձին կուսակցությունների և հասարակական շարժումների կողմից Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու կոչերի և երկրի արտաքին քաղաքականությունը դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշելու հետ կապված: Ընտրությունների նախօրեին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը, որը Երևանում նշվում է սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի կոմունիստները և ձախ ուժերի ներկայացուցիչները ծեծկռտուք են սարքել «Եվրոպական կուսակցության» ակտիվիստների հետ, որոնք փորձում էին մոտենալ Ռուսաստանի դեսպանատան շենքին, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն այն բանի նկատմամբ, ինչ նրանք անվանում են Հայաստանի «ռուսական օկուպացիա», գրում է «Կոմերսանտը»:

Ուշագրավ է, որ քվեարկության ընթացքի մասին դեռ մինչև կեսօր առաջիններից մեկը հաշիվ տվեց «գաղտնալսումների» սկանդալի հետ կապված Արթուր Վանեցյանը: «Օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ հանգիստ է: Հասարակական կարգի որևէ խանգարում չկա»,- հայտարարեց նա: Երբ պարոն Վանեցյանին խնդրեցին մեկնաբանել նախին նախագահի կալանավորումը, նա հերքեց գործի քաղաքական կանխակալությունը: «Հայաստանի քրեական օրենսգրքում չկա «քաղաքական վենդետա» հոդված: Կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

«Քոչարյանի գործի» թեմային ընտրությունների օրը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը: «Գործընթացը վաղուց էր սկսվել, հինգ ամիս առաջ, և հիմա շարունակվում է: Ընտրությունների հետ դա կապված չէ»,- ասել է նա ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցի ընթացքում: Փաշինյանն ավելացրել է նաև, որ 2008թ. մարտի իրադարձությունների «իրական պատկերը արդեն բացահայտված է» և «մեղավորները կպատժվեն ողջ խստությամբ»:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում արմատական փոփոխություններ չեն լինելու: Ինչպես «Կոմերսանտին» հայտնել է «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Ռուսաստանի հետ հարաբերությունները «հիանալի են և գործընկերային»:

Պատգամավորի խոսքով, Հայաստանին սպասվում է ոչ թե կտրուկ շրջադարձ արտաքին քաղաքականության մեջ, այլ «տնտեսական հեղափոխություն»: «Դա կլինի առաջին և գլխավոր հարցը, որը մենք բարձրացնում ենք: Կսկսենք հարկային օրենսդրության փոփոխությունից: Արտոնություններ կտրվեն փոքր բիզնեսին, ընդհանուր կնվազեն հարկերը, որպեսզի մարդիկ սև շուկայից դուրս բերվեն: Աշխատանք կտարվի աղքատությունը վերացնելու ուղղությամբ: Մեր փոքր երկրում դա կարելի է լուծել»,- «Կոմերսանտին» ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31