«Լուսավոր Հայաստանն» արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կուսակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը:
Նա վստահեցրեց՝ ամեն բան մի կողմ դրած՝ ընտանիք, անձնական կյանք, ծայրից ծայր նվիրված են հայրենիքին, պետությանը:
Շարունակելով հայտարարությունը՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «ՀՀ-ում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացման հիմնական հնարավորությունը: Դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը, և երկիրը թևակոխում է համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցում ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտությունը: Լուսավոր Հայաստանը քաղաքական և արժեքային ընդդիմություն է ձևավորում քաղաքական մեծամասնությանը»:
Հայտարարության մեջ կա մտահոգություն, որի դեմ պայքարն էլ կուսակցության առաջնահերթությունն է. «Անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը շարունակում է մնալ քաղաքական քրոնիկ հիվանդության համակարգային հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը»:
Ամփոփելով՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Միշտ բաց ենք համագործակցելու համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ