«Երեկ առավոտից մասնակցության հետ կապված հայտարարություններ էինք լսում, որ շատ սարսափելի բան է տեղի ունենում Հայաստանում, մասնակցությունը շատ ցածր է, երբեմն դա ուղեկցվում էր բացականչություններով՝ Աստված իմ, ինչ ենք անելու: Արդյունքում ունենք նախնական տվյալներ մասնակցության՝ 46.63 տոկոս: Համեմատենք նախորդ խորհրդարանական ընտրությունների մասնակցության մակարդակի հետ»,- այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները ներկայացնելիս ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նա ասաց, որ նախորդ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեն, համարում են, որ դրանք կեղծվել են, այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրությամբ, անցյալ տարվա ԱԺ ընտրությունների մասնակցության տոկոսը 60,93 տոկոս է եղել, 2012-ին ամենաբարձր ցուցանիշն է եղել ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասնակցության՝ 62.35 %, 99-ը թվականին եղել է 49 տոկոս. «Կարեւոր է հիշել, որ այս թիվը հաշվում են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից, իսկ Հայաստանում գտնվող մարդկանց թիվը չկա, որ կարողանանք գնահատել իրական մասնակցությունը: Տարբեր փորձագիտական գնահատականներով ՀՀ-ից բացակայում են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 18-30 տոկոսը, եթե այդ թիվը հանենք, կստացվի, որ երեկ մասնակցել են ընտրություններին 55-63 տոկոսը ՀՀ-ում փաստացի գտնվող ընտրողների: Մասնակցության մակարդակը որեւէ կերպ չի ստվերում ընտրությունների որակը»:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ այս անգամ չեն արձանագրել զանգվածային կերպով ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ընտրողների ահաբեկումներ, կազմակերպված եւ համակարգված ճնշումների մասին ահազանգեր չեն եղել, քվեատուփերի լցոնումներ չեն արձանագրել, ոստիկանության համակարգված անգործություն չեն արձանագրել, այս բոլոր խախտումները նախորդ ընտրություններին լիուլի արձանագրել էին. «Այս ընտրությունները ընթացել են ազատ կամարտահայտման միջավայրում եւ իսկապես արտացոլում են ՀՀ քաղաքացիների հավաքական կամքը»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ բռնության էական դեպքեր չեն արձանագրել, մինչդեռ հիշեցրեց, որ նախկինում բռնության դեպքերը հասել էին նրան, որ Ջրառատ գյուղում Լեւոն Երանոսյանի հարազատները «Կալաշնիկով» ինքնաձիգով էին հարցերը լուծում ՕՐՕ դաշինքի ներկայացուցչի հետ:
Իոաննիսյանն ասաց, որ ճիշտ է, 12 օրը շատ փոքր ժամանակահատված է իրական ժողովրդավարական ընտրությունների համար, բայց գոնե սա քարոզարշավ էր, ոչ թե քարոզարշավի «ֆասադ», ինչպես նախկինում: Նա նաեւ նշեց, որ լռության օրը զանգվածաբար խախտվել է թեկնածուների, իրենց պաշտոնական էջերի կողմից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ասաց, որ մեկ միկրոավտոբուս են տեսել, որը տեղափոխում էր ընտրողների: Տեսախցիկների հետ կապված 1,7 տոկոսում եղել է խնդիր: 14 տոկոսում հաշվարկը տեղի է ունեցել տեսադաշտից դուրս:
Դանիել Իոաննիսյանը նաեւ մի ուշագրավ խախտման մասին խոսեց՝ տեղամասերում հայտնաբերել են կեղծ լրագրողներ. «Մենք հաշվել ենք, որ միաժամանակ տարբեր տեղամասերում գտնվել են Slaq.am-ի 6 լրագրող, այնինչ հավատարմագրվել է ընդամենը 4 հոգի: Սա նոր ու տարօրինակ երեւույթ է, ուզում ենք հասկանալ՝ սա իրականում ինչ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ