«Քվեարկության օրվա նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին»,- այս եզրակացությունն այսօր հրապարակել է «Ականատես» դիտորդական առաքելությունն` ամփոփելով 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ դիտորդական առաքելության տարածած տեղեկանքի, հաղորդվել է 63 էական խախտումների մասին: «Ականատես»-ի արձանագրմամբ, քվեարկության նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ եւ Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։
«Ականատես»-ը դիտորդական առաքելությունն իրականացրել է Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասերում: 581 դիտորդ է ունեցել կազմակերպությունը, ինչպես նաեւ ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ եւ 41 դիտորդներ` 37 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Շրջիկ թիմերն ընտրության օրը այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամասեր։ Առաքելությանն աջակցել են Երեւանի համակարգող կենտրոնում տեղակայված 30 իրավաբան և 30 օպերատոր։
Ըստ դիտորդական առաքելության տեղեկանքի, քվեարկության եւ փակման գործընթացներն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ, եղել են օրենքին համահունչ. տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Լուրջ խախտումները եւ միջադեպերը շատ քիչ են։ Գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպք, կողմնակի անձանց ներկայության 15 դեպք, բռնություն, սպառնալիք կամ ճնշում գործադրելու 3 դեպք, ընտրական տեղամասում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում խախտումների եւ բողոքների գրանցման մերժման 20 եւ 14 դեպք, կրկնաքվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության 3 դեպք, բաց քվեարկության 3, ուղղորդված քվեարկության`6 դեպք, ընտրողին օգնելու իրավասություն չունեցող անձի կողմից օգնություն ցուցաբերելու՝ 6 դեպք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ