Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, վերաիմաստավորելով յուրաքանչյուր քվեն։ Իսկ սա անտարակույս Թավշյա հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է:
Հուսով ենք, որ այս ընտրություններով սկիզբը կը դրվի քաղաքական նոր մշակույթի, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:
Շնորհավորում ենք նաև ընտրություններում հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա կառավարությունը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի։
Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական Վարչություն
Երևան 10.12.2018