«Կարծում եմ՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարում, եթե ընտրությունները լինեին ազատ եւ արդար: Մենք միշտ ասել ենք, որ այդ դեպքում ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի, կամ դժվարությամբ կհաղթահարի անցողիկ շեմը: Ներկայիս իրականությունը դա ապացուցեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ անդրադառնալով քվեարկության արդյունքներին՝ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի գնահատականին, որ ընտրություններին ցածր մասնակցությունը Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետեւանքն է, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Այս ընտրություններում ոչ թե մարդկանց բերման են ենթարկել, այլ նրանք իրենց կամքով են գնացել ընտրելու: Նախկինում, կներեք, բայց անգամ մահամերձ քաղաքացիներին են բերել տեղամասեր, եղել է՝ պատգարակով են բերել, իսկ այս անգամ քաղաքացին ինքն է գնացել կամ չի ցանկացել ու չի գնացել»:
Փաշինյանը շեշտեց, որ ներկայում գյուղապետերի 80%-ը ՀՀԿ-ականներ են. «ՀՀԿ-ականներ կան նաեւ պետական կառավարման մարմիններում: Նրանք մեր կողմից կադրային ջարդի եւ «վենդետաների» չեն ենթարկել, եւ դրանով ամեն ինչ ասված է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ