Արեւելքում ինչ-որ բան գնելիս սակարկելը արեւելյան մշակույթի մաս է կազմում: Հատկապես արաբները սիրում են գնորդին ներս հրավիրել, թեյ ու քաղցրեղեն հյուրասիրել, ինչ ունեն՝ պնդել, որ հենց քեզ համար է, ու սպասեն, որ տեղի ունենա իրենց համար սպասված՝ սակարկելու «ծեսը»: Նկարում ժպտացող արաբ երիտասարդը բոլոր օտարազգի գնորդներին խնդրում էր, որպեսզի ոչ միայն ապրանք գնեն Շարմ Էլ Շեյխի հյուրանոցներից մեկում տեղակայված իր խանութից, այլեւ խոստում պոկում, որ խանութի մասին կտեղեկացնեն ծանոթներին:
Իսկ մեր հայրենակիցներից մեկը չէր զլացել ու պաստառի վրա երկլեզու կարծիք էր գրել խանութի եւ դրա տիրոջ մասին, նաեւ հատուկ շեշտել. «Լավ տղայա՝ հավեսով, լավ գին կարաք քցեք, վիզ դրած խոսացեք»: Արաբ վաճառականը ոչ միայն ցուցափեղկի մոտից պոկեց ու ցույց տվեց հայ գնորդի դրական արձագանքը, այլեւ խնդրեց հայերեն գովեստի մի գրառում էլ մենք կատարենք: Պատճառաբանեց, որ հայերը շատ են օգտվում իր խանութից, հավելյալ գովազդը չի խանգարի:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2018