Հանրահայտ է, որ յուրաքանչյուր հասարակությունում առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ հակասություններ, անգամ սուր, թշնամանքի հասնող հակամարտություններ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անձնական ու հասարակական շահերի բախումներ: Հետեւաբար յուրաքանչյուր հասարակություն կարիք ունի այդ հակասությունները մեղմելու, ամեն տեսակի բախումները կանխելու եւ փոխհամաձայնություն հաստատելու խնդիր: Ժամանակին այդ խնդիրը լուծվում էր միապետական կառավարման միջոցով, եւ դրա ապացույցը եվրոպական բացարձակ միապետությունների առկայությունն էր: Սակայն վերջին մի քանի հարյուրամյակում այդ խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը դարձավ ժողովրդավարության հաստատումը, ինչը ենթադրում է ազգային համաձայնության հաստատում քաղաքական միասնության հիման վրա: Այդ խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը քաղաքական միասնության ստեղծումն է: Ինչպես նկատում է գերմանացի սահմանադրագետ Կ. Հեսսեն (Օсновы конституционного права ФРГ), քաղաքական միասնություն նշանակում է բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի փոխհամաձայնությամբ հաստատված հասարակական միջավայր, որտեղ գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորվում է փոխադարձ վստահության հիման վրա ձեւավորված կանոններով, որոնք, առանց բացառությունների, պարտադիր են դառնում բոլորի համար: Ընդ որում, այդ կանոնների հիմքում ընկած սկզբունքներն ու գաղափարները պետք է ուղղված լինեն ինչպես անհատների բարեկեցությանն ու ազատ գործունեության ապահովմանը, այնպես էլ ողջ հասարակության առաջընթաց զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ազգային համաձայնության եւ քաղաքական միասնության հաստատման անհրաժեշտությունը որքան հասկանալի ու ցանկալի է, այնքան էլ դժվար հասանելի է, եթե դրա համար չկան բավարար պայմաններ: Եթե գոյություն ունի այնպիսի քաղաքական ուժ, որը մյուս բոլոր այլ ուժերի համեմատ տվյալ պահին ունի գերակշիռ դիրք եւ թե՛ օբյեկտիվորեն, թե՛ սուբյեկտիվորեն համոզված է, որ իր ուժերն անսպառ են, եւ միշտ կարող են հաղթել, ապա այդ դեպքում քաղաքական միասնությունը դառնում է պատրանք, եւ արդյունքում հաստատվում է բռնակալական քաղաքական «միասնություն»: Այսինքն՝ ըստ էության, ստեղծվում է բացարձակապետական տիպի իշխանություն: Սակայն ակնհայտ է, որ բացարձակ ուժեղ քաղաքական ուժեր գոյություն չունեն, եւ միշտ հանդես են գալիս նոր ուժեր, որոնք ունակ են հաղթել «բացարձակ» ուժեղներին: Եվրոպական երկրների (եւ ոչ միայն) պատմական փորձը վկայում է, որ քաղաքական ուժերի բախումները դրսեւորվել են ինտրիգներով, խռովություններով, ապստամբություններով, քաղաքացիական պատերազմներով, հեղաշրջումներով, հեղափոխություններով, որոնք ուղեկցվել են մեծ արյունահեղություններով, եւ, որ ամենակարեւորն է, պարզվել է, որ հաղթանակը եղել է չափազանց անցողիկ, հաղթողը շուտով դարձել է պարտվող: Հետեւաբար այդ դեպքում եւս աստիճանաբար դրսեւորվել է այն պատկերացումը, որ անհրաժեշտ է որոշակի հարցերում փոխհամաձայնության գալ, վարել փոխզիջումային քաղաքականություն, մշտապես ղեկավարվել նույն կանոններով: Ի դեպ, նման մոտեցմամբ է ազգային համաձայնություն հաստատելու հրամայականը դարեր շարունակ լուծվել հայ իրականությունում, ինչի վկայությունն են ազգային-եկեղեցական ժողովները (մանրամասները՝ «Գ. Հարությունյան, Սահմանադրական մշակույթ» մենագրությունում):
Քանի որ հասարակությունը եւ պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես առկա, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրներ, հաղթահարել դժվարությունները, հարթել կնճռոտ հարցերն ու կանխել տարբեր կարգի բախումներն ու կոնֆլիկտները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի, որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ կերպ ասած՝ Սահմանադրություն: Այսինքն՝ Սահմանադրությունն ընդհանուր առմամբ հասարակական եւ քաղաքական ուժերի միջեւ կնքված համաձայնություն է, մի պայմանագիր, որով սահմանվում են այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձեւավորել ազգային համաձայնություն եւ քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջեւ հարաբերությունների, պետական գործունեության կարգավորման հիմունքները:
Սահմանադրության այսպիսի ըմբռնումը միաժամանակ նշանակում է ազգային համաձայնության եւ դրա կարեւորագույն բաղադրամասի՝ քաղաքական միասնության հաստատում, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է տվյալ պահին մեծամասնության եւ փոքրամասնության, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության (իշխանության) եւ քաղաքական փոքրամասնության (ընդդիմության) միջեւ հաստատել որոշակի ներդաշնակություն, փոխլրացում:
Սակայն անհրաժեշտ ներդաշնակությունը չի հաստատվի, եթե միաժամանակ չպահպանվի փոքրամասնության իրավունքների երաշխիքը: Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների միջոցով են որոշվում քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը, այնուհետեւ այդ մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն: Այսինքն՝ ստացվում է, որ նույն քաղաքական ուժը ղեկավարում է ե՛ւ օրենսդիր իշխանությունը, ե՛ւ գործադիր իշխանությունը՝ անկախ այն բանից, որ Սահմանադրությունը իշխանությունների բաժանման եւ հակակշռման սկզբունքի հրամայականով պահանջում է այդ իշխանությունների միջեւ հաստատել հակակշիռներ եւ զսպումներ: Իսկ քաղաքական փոքրամասնությունը առհասարակ դուրս է մնում իշխանական գործառույթներից, այն կարող է խորհրդարանում զբաղվել միայն հռետորաբանությամբ, որքանով նման համակարգում որեւէ ձեւով չի կարող մասնակցություն ունենալ որոշումների (մասնավորապես օրենքների) ընդունմանը: Ընդդիմությունը, զրկվելով որոշումների կայացման վրա որեւէ ազդեցություն ունենալուց, զրկվում է նաեւ պատասխանատվություն կրելուց: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ մի շարք կարեւորագույն պաշտոններում (դատախազություն, քննչական մարմին, տարբեր հանձնաժողովներ եւ այլն) նշանակումները կատարում է այդ նույն խորհրդարանը, այսինքն՝ միեւնույն քաղաքական ուժը, ապա ակնհայտ է, որ արդյունքում կունենանք տվյալ քաղաքական ուժի գերիշխանությունը: Հետեւաբար, կարծում ենք, պարզ է, որ քաղաքական փոքրամասնությունը անհրաժեշտաբար պետք է ունենա իշխանական որոշակի լծակներ՝ ինչպես մեծամասնությանը զսպելու եւ հակակշիռ լինելու առումով, այնպես էլ որոշակի պատասխանատվություն ստանձնելու համար: Եվ այս դեպքում կարող է ապահովվել իսկապես քաղաքական միասնություն եւ ներդաշնակություն:
Այս տեսակետից, կարծում եմ, որոշակի պաշտոններ պետք է հատկացվեն քաղաքական փոքրամասնությանը, օրինակ՝ Ընտրական հանձնաժողովը, Վերահսկիչ պալատների բնույթ ունեցող մարմինները եւ այլն: Կարող են հակադարձել, թե այդ դեպքում, օրինակ՝ ընտրական հանձնաժողովը կարող է ընտրության արդյունքները կեղծել հօգուտ ընդդիմության, սակայն դա չի կարող տեղի ունենալ, որովհետեւ իրավապահ մարմինները, որոնք ենթարկվում են քաղաքական մեծամասնությանը, ստիպված կլինեն գործել օրինականության պահանջներին համապատասխան, ինչն էլ կնպաստի օրենքի եւ իրավունքի գերակայության հաստատմանը: Սակայն նշված տարբերակը խնդրի լուծման միակ տարբերակը չէ, կան բազմաթիվ այլ կառուցակարգեր, որոնք հաջողությամբ կիրառվում են ժողովրդավարական պետություններում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գործում է խորհրդարանական օմբուդսմենի ինստիտուտ, որը հսկողություն է իրականացնում վարչական գործունեության նկատմամբ՝ վատ կառավարման վերաբերյալ բողոքների առկայության դեպքում, երբ Համայնքների պալատի անդամները ներկայացնում են համապատասխան հետաքննություն կատարելու պահանջներ: Որոշակի պաշտոններ զիջելով ընդդիմությանը՝ իշխանությունը կստանա լրացուցիչ լծակներ պատասխանատվությունը համամասնորեն բաշխելու համար, ինչպես նաեւ կարող է այդ հանգամանքը օգտագործել քարոզչական նպատակներով:
Քաղաքական միասնությունը մեծապես վտանգվում է, երբ իշխող քաղաքական ուժի պաշտոնատար անձինք եւ նրանց մերձակա շրջանակը իրենց գործողությունները չեն սահմանափակում Սահմանադրության պահանջներին համապատասխան եւ փաստորեն դառնում են օրինախախտներ ու մնում անպատիժ: Հատկապես անհասկանալի է, թե ինչո՞ւ նման չինովնիկները, որպես կանոն, հրաժարական չեն տալիս, առավել եւս, երբ այդ դեպքերը դառնում են հանրահայտ, եւ դրանց արձագանքում են ԶԼՄ-ները: Ժողովրդավար երկրներում այդպիսի պաշտոնյաները անմիջապես հրաժարական են տալիս, քանի որ նման դեպքերում այդ հանգամանքը անմիջապես ազդում է իշխող քաղաքական ուժի վարկանիշի վրա եւ վտանգում է նրա շանսերը առաջիկա ընտրություններում: Մեզանում դա բացակայում է եւ դառնում է կողմնակի ապացույց, որ ընտրություններում կարեւորը վարչական պաշարներն են: Բնականաբար, այս պարագայում քաղաքական միասնության եւ ազգային համաձայնության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ քաղաքական ուժերը գտնվում են անհավասար պայմաններում:
Ընդհանուր առմամբ հասարակությունը նման է բաց ծովում հայտնված նավի, որին կայունություն կարող է հաղորդել միայն խարիսխը, եւ այդ խարիսխի դերը կարող է կատարել Սահմանադրությունը, եթե միայն դրանում ամրագրված սկզբունքները դառնան անկասկածելի արժեքներ, եւ յուրաքանչյուրի վարքագիծը ուղղորդվի այդ սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես, եթե քաղաքական մեծամասնությունը սահմանափակված չէ Սահմանադրությամբ, այդ դեպքում հասարակությունը պառակտվում է, եւ գայթակղություն է առաջանում հիմնախնդիրները լուծել ոչ իրավական ճանապարհով: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Սահմանադրությունը կարող է իրականացնել այդ դերակատարությունը միայն այն դեպքում, երբ իսկապես բուն իմաստով Սահմանադրություն է, ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը բավարարող պահանջներին, այսինքն՝ ամրագրված են ժողովրդավարական սկզբունքները՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունների տարանջատումը զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ապահովում է փոքրամասնությունների (այդ թվում՝ քաղաքական փոքրամասնության) իրավունքները եւ այլն, որոնց միջոցով երաշխավորվում է իշխանության սահմանափակումը:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2018