Ինչի մասին որ գրում եմ, գուցե տարօրինակ թվա, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրվելու առաջին օրերին գնաց Սովետաշեն-Նուբարաշենի աղբանոցը եւ գոհունակությամբ էր լցվել, երբ իր ներկայությամբ ամբողջ տարածքը ծածկեցին հողի շերտով։
Կասեի ծածկեցին շատ խոշոր արժեք՝ հարստություն։ Շատ ցավալի է, որ Երեւանի նման խոշոր քաղաքը` 1.5 միլիոն բնակչությամբ, չունի աղբի վերամշակման ժամանակակից գործարան։ Տասնյակ տարիներ ասում, խոստանում են, որ կկառուցվի, սակայն այդ ուղղությամբ գործնական ոչ մի քայլ չի արվում:
Գերմանիայում մեծ ու փոքր քաղաքներում կան հատուկ ձեռնարկություններ, եւ կենցաղային աղբից ստանում են բազմաթիվ իրեր՝ պլաստմասսայե դույլեր, ձյուն մաքրող լայնաշերեփ բահեր եւ այլ հազար ու մի անհրաժեշտ պարագաներ: Իսկ օրգանական զանգվածը դարձվում է պարարտանյութ։
Իմ տարիքն 80֊ից անց է, որից 45 տարի աշխատանքին համատեղել եմ այգեգործությունը Նոր Խարբերդի՝ օձ ու կարիճներով լեցուն տարածքում։ Ինձ նման 12.000 այգետերեր կային, որոնցից մի մասի այգիներն այժմ լքված են:
Մինչեւ անկախությունը 15-20 հազար ռուբլով կարող էիր գնել մեկ բեռնատար, թռչնաղբ, գոմաղբ, սիլիտրա, ինչը պետք էր այգին պարարտացնելու համար:
Սակայն ներկայումս այդ հնարավորությունը այգեգործը չունի, քանի որ փակվեցին Սովետաշենի թռչնանոցները, խոշոր եղջերավոր, հազարավոր գլխաքանակով ֆերմաները, Կիրովական-Վանաձորի սիլիտրա արտադրող գործարանը: Ներկայումս 50 կիլոգրամանոց պարկերով վրացական սիլիտրա է օգտագործվում 35% արդյունավետությամբ է, որը վաճառվում է 6000-ից 8.000 ՀՀ դրամով:
600 քմ այգիս սնուցում եմ տերեւները, բարակ ճյուղերը հողի մեջ թաղելով։ Շաբաթը երկու օր այգի գնալու օրերին տանում եմ բնակարանումս առաջացած օրգանական աղբը։ Կուտակում եմ այգումս հարմար տեղում, ամեն անգամ բերածս ծածկում եմ բարակ շերտ հողով, մինչեւ գարուն փտում է՝ առաջացնելով 5-6 պարկ սեւ օրգանական էկոլոգիական զանգված, լցնում եմ ծառերի բներին, առաջանում է թումբ, օղակաձեւ ջրելուց էլ ստացվում է խնայողություն։
Այժմ մտովի պատկերացնենք՝ քանի հազար տոննաներով Երեւան քաղաքից օրգանական աղբ է տեղափոխվում Նուբարաշենի եւ այլ աղբատեղեր եւ այրվում ու աղտոտում մթնոլորտը: Արդյոք դա հանցագործություն չէ՞:
ԹՈՐՈՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2018