Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների դեմ ուղղվել են կարմիր բերետավորների խմբեր

Դեկտեմբեր 10,2018 12:30

Պայքար բազմաբնակարան էլիտար շենքի կառուցման դեմ

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանին եւ «Առավոտին» են դիմել Երեան քաղաքի Թերլեմեզյան փողոցի բնակիչները: Ներկայացնում ենք բնակիչներին իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանի հրապարակումը նրանց պահանջների վերաբերյալ

Թերլեմեզյան փողոցի բնակիչները հայտնեցին, որ 10 տարուց ավելի փորձում են պայքարել իրենց սեփական տներին կից սկսած բազմաբնակարան էլիտար շենքի կառուցման դեմ: Հայտնեցին, որ մինչ շինարարությունը սկսելը Թերլեմեզյան փողոցը փակ է եղել ավտոմեքենաների երթեւեկության համար, սակայն շուրջ 10 տարի վերոնշյալ փողոցում՝ Թերլեմեզյան 2/1 հասցեում «Պլագա» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման հետեւանքով փողոցի տարածքն օգտագործվում է դեպի շինհրապարակ բեռնատար ավտոմեքենաների ելումուտն ապահովելու համար օգտագործվող տարածք: Բնակիչները հայտնեցին, որ շինարարությունը սկսելուց առաջ, երբ կառուցապատող կազմակերպությունը սկսեց վերացնել այդ հատվածի կանաչ գոտին, որը նախատեսված էր որպես երեխաների խաղահրապարակ եւ բնակիչների զբոսայգի՝ կտրելով հաստաբուն ծառերը, բնակիչները փորձել են իրենց բողոքն արտահայտել ստեղծված իրավիճակի շուրջ: Դա ավարտվել է նրանով, որ բնակիչների դեմ ուղղվել են կարմիր բերետավորների խմբեր, որոնք բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելով սաստել են նրանց գործողությունները՝ հասկացնելով, որ բնակիչները ոչ մի արդյունքի էլ չեն հասնի, քանի որ կառուցապատողի թիկունքում կանգնած է այն ժամանակվա իշխանությունը: Բնակիչները ստիպված են եղել հնազանդորեն եւ լուռ տանել շինարարական աշխատանքների արդյունքում կրած անհարմարությունները` իրենց տների առջեւ առկա շինարարական աղբն ու փոշին, շնչել են աղտոտված օդը, տասը տարուց ավելի լսում են շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած աղմուկը եւ այլն: Մեկ եւ երկու հարկանի տների դիմաց կառուցված բազմաբնակարան շենքը ամբողջությամբ փակել է սեփական տների բնական լուսավորությունը, քանի որ Թերլեմեզյան փողոցը ի սկզբանե նախագծված է եղել միայն ցածրահարկ տների կառուցման համար: Սակայն կառուցապատողը չբավարարվելով այդ ամենով, սկսեց իր շինարարությունը ընդլայնել՝ գրավելով նաեւ իրեն չպատկանող այլ անձանց եւ հանրային տարածքները: Դա բավական չէ, «Պլագա» ՍՊԸ-ն կառուցվող շենքի սպասարկման տարածքը Թերլեմեզյան փողոցի հետ միացնող տարանցիկ ճանապարհ է սկսել իրականացնել, որով այս պահին էլ անցնում են շինարարությունը իրականացնող տրանսպորտային միջոցները, սակայն կառուցապատողը ցանկանում է այն դարձնել ճանապարհ, որը կծառայի կառուցվող բազմաբնակարան էլիտար շենքի բնակիչներին եւ տարածքից օգտվողներին, երբ շենքը հանձնվի շահագործման:
Արդյունքում՝ ներկայումս ընթացող հողային եւ շինարարական աշխատանքները բնակիչների մոտ մտավախություն են առաջացնում առ այն, որ բացի նրանից, որ տասը տարուց ավելի տեւող այս շինարարությունն այս պահին էլ անհարմարություններ է պատճառում իրենց, վտանգված է նշված հատվածի հողաշինարարությունը, խախտված են սահմանված շինարարական նորմերն ու կանոնները, անմիջապես սեփական տների հարեւանությամբ սկսվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում, երբ հող էր փորվում եւ ամրացվում էին շենքը կրող կոնստրուկցիաները, չեն կանխվում առաջացող վտանգները եւ նրանց կրած վնասները: Բնակիչների մտավախությունը կայանում է նաեւ նրանում, որ շենքի կառուցապատումից հետո էլ ավտոմեքենաների երթեւեկության համար կշարունակվի շահագործվել նույն Թերլեմեզյան փողոցը, սակայն արդեն ավելի ծանրաբեռնված, քանի որ կասկածելի շինարարության արդյունքում բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելու դեպքում, որտեղ առաջին հարկերում նախատեսված է նաեւ բիզնես-գրասենյակների տրամադրում, մեքենաների հոսքն ավելանալու է: Քանի որ շենքը նախատեսվում է որպես էլիտար բազմաբնակարան շենքի սպասարկում, կարելի է պատկերացնել, որ այդ շենքում բնակարան գնողները հանդիսանալու են նյութապես ապահովված անձինք եւ մեկ մեքենայի փոխարեն ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարող է ապահովված լինել սեփական ավտոմեքենայով: Մինչդեռ կառուցապատողը չի նախատեսել կազմակերպել կառուցվող բնակելի շենքը այնպես, որ չխոչընդոտելով Թերլեմեզյան փողոցի բնակիչների մուտքն իրենց տներ, հոգա իր կողմից կառուցվող շենքի բնակիչների մուտքն ու ելքը եւ կայանատեղիները: Այս պայմաններում ակնհայտ է, որ Թերլեմեզյան փողոցի բնակիչները, որտեղ հիմնականում մեկ կամ երկու հարկանի տներ են, բացի վերը նշված խախտումներից, շենքի շահագործման հանձնվելու դեպքում հնարավորություն չեն ունենալու անգամ մուտք գործել իրենց սեփական տներ, քանի որ վիճելի շենքի կառուցումն անհնարին է դարձնելու Թերլեմեզյան փողոցի բնակիչների մուտքը դեպի իրենց տներ՝ առանց այն էլ նեղ փողոցը մեքենաներով ծանրաբեռնելու պատճառով:

Այս պահին էլ «Պլագա» ՍՊԸ-ն շարունակում է իր համար շենքի երկու կողային հատվածներով ավտոմեքենաների մուտք գործելու ճանապարհաշինարարական աշխատանքները, չնայած այն փաստին, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվող քաղաքացիական գործով կիրառել են հայցի ապահովման միջոցներ եւ ընկերությանն արգելվել է կատարել շինարարություն՝ մինչեւ գործով վերջնական դատական ակտի առկայությունը:

Թերլեմեզյան փողոցը ներկայումս էլ ծանրաբեռնված է բնակիչների ավտոմեքենաներով, ուստի, կառուցվող շենքի սպասարկման տարածքը Թերլեմեզյան փողոցի հետ միացնող տարանցիկ ճանապարհի կառուցման դեպքում այն կդառնա գերծանրաբեռնված եւ վտանգավոր հետիոտնի, առավել եւս` երեխաների համար: Նշված շինարարական աշխատանքների արդյունքում, երեկ նաեւ վնասվել էր Թերլեմեզյան փողոցի բնակիչների ջրամատակարարումն ապահովող ջրատար խողովակը: Մինչ այդ էլ պատահել են դեպքեր, երբ շինարարության ընթացքում վնասվել են Թերլեմեզյան փողոցի բնակիչների սպասարկման համար նախատեսված կոմունիկացիաները, սակայն կառուցապատողը որեւէ միջոց չի ձեռնարկել բնակիչների կողմից կրած վնասները հատուցելու ուղղությամբ: Վերանորոգման աշխատանքները կատարվել են բնակիչների միջոցներով եւ ջանքերով:

ՀՀ պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ վերը նշված հանգամանքների, շինարարական աշխատանքները դադարեցնելու, պարզելու համար՝ առհասարակ շինարարությունը ընթանո՞ւմ է, արդյոք, սահմանված կարգով տրամադրված, հաստատված փաստաթղթերի հիման վրա, թե՝ ոչ: Թերլեմեզյան փողոցի բնակիչները ընդունելություն են խնդրել անձամբ Երեւան համայնքի ղեկավար պարոն Հ. Մարությանի հետ, որպեսզի անձամբ ներկայացնեն խնդիրը, սակայն Երեւանի քաղաքապետարանից դեռեւս արձագանք չկա: Իսկ պահանջված փաստաթղթերից տրամադրվել են միայն շինարարության թույլտվությունները, որոնցից ակնհայտ է, որ շենքը չի համապատասխանում դրա կառուցման համար տրամադրված թույլտվություններին, բազմիցս թույլ են տրվել խախտումներ, որոնց արդյունքում կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու եւ արդյունքում թույլտվություններն անվավեր ճանաչելու փոխարեն՝ կրկին կառուցապատման աշխատանքների համար սահմանված ժամկետներն անհասկանալի պատճառներով երկարաձգվել են: Դրանից տուժել են միայն Թերլեմեզյան փողոցի բնակիչները, որոնք ստիպված են եղել կրել շինարարության ընթացքում կրած անհարմարությունները եւ վնասները: Այսպես. 08.06.2007թ.-ին տամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ նախատեսվել է 14 վերգետնյա, մեկական նկուղային եւ մանսարդային հարկեր: Առաջադրանքի գործողությունները նախատեսվել է կատարել 2 տարվա ընթացքում: Դրանից հետո տրամադրվել է 21.03.2008թ.-ի շինարարության թույլտվությունը, որի հիման վրա շինարարությունը պետք է իրականացվեր 5 տարվա ընթացքում:

Դրանից հետո՝ 18.06.2013թ.-ին տրամադրվել է նոր ՃՀԱ, ընդ որում՝ հստակ հասցե, թե որտե՞ղ պետք է իրականացվի շինարարությունը, չի նշվել: Այս ՃՀԱ-ում նախատեսվել է արդեն 2 նկուղային եւ 15 վերգետնյա հարկեր: 02.04.2013թ.-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն, որտեղ շինարարության տեւողությունը նշվել է 2 տարի: Դրանից հետո 5 անգամ անհիմն կերպով շինարարության նոր թույլտվություններ են տրամադրվել, որոնցից յուրաքանչյուրը տրվել է՝ քաջ գիտակցելով, որ կառուցապատողը կոպտորեն խախտել է նախկին թույլտվություններում նշված պայմանները, որոնք հիմք են հանդիսացել շինարարության թույլտվության գործողությունը Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ կասեցնելու համար՝ համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ.-ի հ. 596-Ն որոշման թիվ 1 հավելվածի 135-րդ կետի:

Յուրաքանչյուր նոր տրամադրված շինարարության թույլտվությամբ հատուկ պայմանները բաժնում նշված է, որ կառուցապատողը նախքան շինարարությունը սկսելը, ինչպես նաեւ դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ, ինչպիսի պայմանը եւս չի կատարվել:

Որպես փաստաբան առնչվելով նմանատիպ գործերին՝ ականատես եմ եղել, որ նախագծային ցանկացած շեղման, կամ շինարարության թույլտվությամբ նախատեսված կանոնների խախտումների դեպքում ինչպես է Երեւանի քաղաքապետարանն արագ արձագանքում, ձեռնարկում համապատասխան միջոցներ, նույնիսկ առանց ֆիզիկական անձ եւ կազմակերպություն հանդիսացող կառուցապատողին ծանուցելու նրանց նկատմամբ վարչարարություն սկսելու եւ արդյունքում տույժ-տուգանքներ կիրառելու հարցում: Մինչդեռ, սույն պարագայում ակնհայտ է, որ կառուցապատող «Պլագա» ՍՊԸ-ն արտոնյալ վերաբերմունք է վայելել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից: Վերջին շինարարության թույլտվությունը տրամադրվել է 03.09.2018թ.-ին՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանի կողմից: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար Կ. Արեյանի կողմից տրամադրվել է 4 ամիս ժամկետ: Արտոնյալ վերաբերմունքը ակնհայտ էր նաեւ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից Թերլեմեզյան փողոց 2/1 հասցեի վերաբերյալ պահանջված եւ ստացված փաստաթղթերից, երբ պարզ դարձավ, որ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Ե. Զախարյանի 10.08.2004թ.-ի N1567-Ա որոշմամբ եւ դրան կից թիվ 1 հավելվածով ճանաչվել է Մարինե Յայլախանյանի, որը ներկայիս կառուցապատողի իրավանախորդն է, սեփականության իրավունքը՝ վիճելի հասցեի 230.8 քմ շինության եւ 299.2 քմ հողամասի նկատմամբ, իսկ մեկ ամիս անց նույն քաղաքապետի 09.09.2004թ.-ի թիվ 1717-Ա որոշման 29-րդ կետով հողամասի մակերեսը 299.2 քմ-ից վերածվել էր տրամադրվող 1450.0 քմ-ի: Ուսումնասիրելով կադաստրային գործում առկա սեփականության իրավունքի վկայականները, ակնհայտ է, որ որպես նման շռայլ քայլի՝ այգի համարվող գոտու հատկացումը մասնավոր անձի, այն էլ՝ այդ չափի մակերեսով եւ որպես բազմաբնակարան շենքի կառուցում՝ հիմքում ընկած է միայն Երեւանի քաղաքապետի որոշումները: Մինչդեռ, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված են նման հողամասերի հատկացման հատուկ ընթացակարգեր, որոնց արդյունքում միայն ֆիզիկական անձի կամ կազմակերպությանը կարող էր հատկացվել նման մակերեսի եւ նման գոտում գտնվող հողամաս:

Հուսով ենք, որ Երեւանի ներկայիս քաղաքապետ Հ. Մարությանը հնարավորինս արագ կարձագանքի բնակիչների կոչերին, կկազմակերպի ընդունելություն նրանց հետ, խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկի բնակիչների խախտված իրավունքները վերականգնելու հարցում:

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

08.12.2018 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31