Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգտում եմ հեղինակավոր բեմեր ու թատրոններ, այդ թվում՝ երեւանյան»

Դեկտեմբեր 10,2018 12:00

Ուսանող-երգիչը՝ միաժամանակ երկու բուհում սովորելու եւ իր կարիերայի մասին:

Վերջին տարիներին հայ ուսանողները հաճախ են համատեղում երկու՝ տեղական եւ արտասահմանյան կրթական ծանրաբեռնվածությունը: Մասնագետները տարբեր մոտեցումներ ունեն դրա վերաբերյալ: Կարծիքներ կան, որ այդ երկու որակների գումարվելու արդյունքում ուսանողը կդառնա բարձրակարգ մասնագետ: Մի մասն էլ հավաստիացնում է, թե երկու բուհական զբաղվածությունները հնարավոր չէ իրար չխանգարեն, մանավանդ եթե խոսքը վերաբերում է նույն մասնագիտության տարբեր դպրոցներին:

«Առավոտը» օրերս օպերային բաս Բարսեղ Թումանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգի փորձերին հանդիպեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Սերգեյ Ստեփանյանին (պրոֆեսոր Միքայել Հովակիմյանի դասարան): Իրենից տեղեկացանք, որ օգտագործելով անվանի երգչի՝ Երեւանում գտնվելու հանգամանքը, դասեր է առնում նրանից: Իսկ ուսանող-երգչին մտաբերեցինք ժամանակին հայաստանյան փառատոների կազմակերպիչ Մարիամ Շահինյանի նախաձեռնությամբ արտասահմանում Հայաստանի պատանի տաղանդներին ներկայացնելու ծրագրից: Այս առիթով Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ դա շուրջ տասը տարի առաջ էր, երբ դեռեւս սովորում էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 13 տարեկան էր եւ ընդգրկվելով «Հայաստանի պատանի տաղանդներ» նախագծում՝ բեմ է բարձրացել Լոնդոնում:

Էնզա Ֆերրարիի հետ:

Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ երիտասարդը Երեւանի կոնսերվատորիային զուգահեռ ուսում է առնում նաեւ Իտալիայի Օսիմո քաղաքի Darte Lirica ակադեմիայում: Նա նշեց, թե այնտեղ մասնագիտական ուսումնական ընթացքը բոլորովին այլ է. «Ակադեմիայում վոկալի դասերի եմ հաճախում մի քանի պրոֆեսորների մոտ, այդ թվում՝ բուլղարացի մեծանուն սոպրանո Ռայինա Կաբաիվանսկայի, իտալացի տենոր Վիլլիամ Մատտեուձձիի: Ինձ հետ աշխատում է նաեւ դաշնակահար, հանրահայտ քոոչ Էնզա Ֆերրարին, որը նվագակցել է իտալացի աշխարհահռչակ համարյա բոլոր երգիչներին՝ սկսած Պավարոտտիից»: Ինչ վերաբերում է հայաստանյան եւ իտալական համատեղ ուսումնառությանը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Դրանք լրացնում են միմյանց ու բնավ չեն խանգարում»: Հայտնեց նաեւ, թե ժամանակ է գտնում մասնակցելու տարբեր միջոցառումների, օրինակ՝ այս տարի հանդես է եկել Չինաստանում անցկացվող հեղինակավոր Ising փառատոնին. «Առանց չափազանցնելու նշեմ, որ հիշյալ փառատոնին մասնակցելու համար նախ ամբողջ աշխարհից էին երգիչներն ուղարկել իրենց ձայնագրությունները, հետո Բոլոնիայում ընտրվեց մոտ 100 կատարող, իսկ վերջին հաշվով Չինաստան մեկնեցին 20-ը: Այնտեղ ելույթներ ունեցանք Շանհայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահում, Պեկինի եւ Սուջոյի օպերային թատրոններում»: Կանխելով հարցը, թե սովորաբար նման միջոցառումները հիանալի առիթ են հրավերներ ստանալու համար, երգիչը տեղեկացրեց, որ հրավեր է ստացել Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի ղեկավար Դենիս Ձհանգից:

Բարսեղ Թումանյանի հետ պարապելու պահին:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ դեռ ինչքան պետք է շարունակի ուսանել միաժամանակ մի քանի, թեպետ անվանի մասնագետների մոտ, չէ՞ որ արդեն 22 տարեկանի շեմը հատել է, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց՝ օրինակ բերելով Բարսեղ Թումանյանին. «Մեր աշխարհահռչակ բասը հենց 22 տարեկանում է ընդունվել Երեւանի օպերային թատրոն (անվանի բասը դեռեւս ուսանողական տարիներին է բեմ բարձրացել մեր թատրոնում- Ս. Դ.): Ինչպես պարոն Թումանյանի, այնպես էլ իմ ձայնը բաս է, ինչը նշանակում է, որ շտապելու հարկ չկա: Ի դեպ, սա Բարսեղ Ռոբերտովիչի խոսքն է, որը դաջվել է գլխումս»: Ռեպլիկին՝ հավանաբար ուսանող-երգիչը այսօրվանից ձգտում է հեղինակավոր բեմերի, մեր զրուցակիցը չթաքցրեց. «Իհարկե, ձգտում եմ հեղինակավոր բեմեր ու թատրոններ, այդ թվում՝ նաեւ երեւանյան օպերային թատրոն ու համերգասրահներ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.12.2018 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել