«Ունեցանք ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ»,-քվեարկության օրվա ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր թեկնածու Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ այս անգամ ընտրողների ազատ կամարտահայտման վրա ապօրինի ճնշումներ չեն եղել, ընտրական գործընթացի վրա ազդեցության համընդհանուր փորձեր չեն եղել. «Մամուլում հայտնվել են տեղեկություններ հիմնականում կուտակումների վերաբերյալ, որոնք կարգավորվել են իրավապահների միջոցով»:
Արարատ Միրզոյանի բնորոշմամբ՝ իրականում ընտրողների մասնակցությունը ցածր չէ. «Բարձր էլ չէ: Համացանցում շատ են պնդումներն այն մասին, որ երկրում գտնվողների թիվն ավելի փոքր է: Բացի այդ, անձրեւ է…»: Հարցին՝ վստահո՞ւմ եք արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Միջազգային գործընկերներն արձանագրում են, որ ԿԸՀ նույն կազմով միանգամայն այլ որակի ընտրություններ են կազմակերպվում: Իհարկե, ԿԸՀ թվերը վստահելի են: Բացի այդ, կան տեսախցիկներ, դիտորդներ, վստահված անձինք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ