Երեւանի թիվ 141 դպրոցում տեղակայված 2/09 տեղամասում քիչ առաջ սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը: «Ժողովուրդ ջան, Աստված մեր ազգի հետ»,- ասաց իշխող ուժը ներկայացնող հանձնաժողովի նախագահն ու բացեց քվեատուփը: Ծափեր հնչեցին: Առաջինը դուրս եկավ ՀՅԴ-ի քվեաթերթիկը: Բուռն ծափեր հնչեցին նաեւ «Մենք»-ի առաջին ու դեռեւս միակ քվեաթերթիկի պատվին:
Այս տեղամասում 1953 ընտրող կա: Ընտրություններին մասնակցել է 874 ընտրող: Հանձնաժողովի նախագահն օրինաչափ է համարում: Ասում է, միշտ էլ 50 տոկոսանոց արդյունք են ունեցել: Հիմնականում տարեցներն են քվեարկել, երիտասարդները պասիվ են եղել:
Հաշվարկի մեկնարկից մեկ ժամ անց, բացարձակ առաջատարն է «Իմ քայլը» իշխող դաշինքը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն «մրցում» են երկրորդ տեղի համար, հետո «Լուսավոր Հայաստանն» է եւ «Սասնա ծռերը»:
Հանձնաժողովի նախագահը բոլոր քվեաթերթիկները համարով էր հայտարարում, ՀՀԿ-ին էր անունով հայտարարում: Հետո ինքն իրեն նախատեց. «Ինչի՞ եմ իրենց պատիվը բարձր պահում»: Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Լավ, իրենք ցերեկը պիցցա բերեցին»: Երեկոյան հանձնաժողովի անդամները գումար հավաքեցին եւ իրենց «գլխի ճարը տեսան»:
Իսկ երբ հանձնաժողովի նախագահը սկսեց հիշել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը «բոցերը» ՀՀԿ-ի վստահված անձի նյարդերը չդիմացան. վրդովվեց ու խնդրեց «բոցերը» թողնել ու հաշվարկը շարունակել: Որ նա շատ չնեղվի, հանձնաժողովի նախագահը հիշեց նաեւ Գագիկ Ծառուկյանի «բոցը»`ուղղված Էդմոն Մարուքյանին`«ես քո կլասիկ ցավը տանեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ