Այսօր 08:00-ից մինչեւ 20:00 ոստիկանությունում գրանցվել է 144 հաղորդում, Երեւանում՝ 36, մարզերում՝ 108: Այս տեղեկություններն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանը:
Ըստ նրա՝ ստացված հաղորդումներից 58-ը` հանցագործությունների մասին, իսկ 86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ են, այդ թվում՝ սարքը մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ընտրատեղամասի մոտ կայանված ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրությանը մասնակցելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու, ընտրական տեղամասի ուղիղ հեռարձակման տեսախցիկը ընտրական արկղը չֆիքսելու, ընտրատեղամասում փակցված թեկնածուների քարոզչական պաստառների մասին ահազանգեր:
Աշոտ Սարգսյանի խոսքով, հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազություն, 1-ը՝ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մնացած 49 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:
Ըստ նրա՝ ստուգման ենթակա թվով 86 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 4-ը վերագրանցվել և ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, 3-ն ուղարկվել է դատախազություն, իսկ 78-ով դեռևս կատարվում են ստուգումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ