Լրահոս
Օրվա լրահոսը

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում

Դեկտեմբեր 09,2018 21:48

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 20:00-ի  դրությամբ, ստացվել է 38  հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 8-ը Երևանում է, 4-ը` Սյունիքի, 7-ը` Շիրակի, 3-ը` Արագածոտնի, 5-ը` Արարատի, 5-ը` Գեղարքունիքի, 2-ը` Արմավիրի, 1-ական` Վայոց Ձորի և Լոռու  մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 35-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում ստացված նյութերից մեկով 34/47 ընտրատեղամասում արձանագրվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

Դեպքն արձանագրվել է, երբ Շատաղ գյուղի՝ 1982 թվականի բնակիչը թոշակառու սկեսրոջը քվեարկություն կատարելու հարցում օգնելուց հետո իր կողմից քվեարկություն կատարելու համար իր անձնագրի փոխարեն կրկին ներկայացրել է սկեսրոջ անձնագիրը:

Արարատի մարզի քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով քաղաքացին 12/16 ընտրատեղամասում գրանցվել է որպես ընտրող և ստացել կտրոն, սակայն մինչև ընտրողների գրանցասեղանին մոտենալն այն կորցրել է: Վերադառնալով փորձել է կրկին գրանցվել և կտրոն ստանալ, ինչի արդյունքում էլեկտրոնային սարքավորման կողմից գրանցվել է որպես կրկնակի գրանցման փորձ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին ստացված նյութերից մեկով 1944 թվականին ծնված քաղաքացին թիվ 13/17 ընտրատեղամասում 12:01-ին տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է որպես ընտրող, ստացել կտրոն, կատարել է ընտրություն և հեռացել ընտրատեղամասից:  Նույն օրը՝ ժամը 16.40 թիվ 13/17 ընտրատեղամաս է ներկայացել նրա կինը, ում հագուստի գրպանում գտնվել է ինչպես իր, այնպես էլ՝ ամուսնու  նույնականացման քարտը: Մոտենալով տեխնիկական սարքի միջոցով գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին՝ քաղաքացին իր նույնականացման քարտի փոխարեն սխալմամբ նրան է տվել ամուսնու նույնականացման քարտը, ինչի արդյունքում սարքը գրանցել է որպես կրկնակի գրանցման փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31