«Մեր շտաբ որեւէ ահազանգ չի եղել, այն ինչ կա, ծանոթացել եմ մամուլից: Էական խախտումներ չեն եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ ցուցակում 3-րդ տեղի թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը: Նա իր քվեարկությունն այսօր կատարեց 4/25 ընտրատեղամասում: Ապա մեզ հետ զրույցում նշեց՝ ընտրարշավը բարձր էմոցիոնալ ֆոնի վրա անցավ, հատկապես կիբերտարածությունում, սոցցանցերում բավականին տհաճ մթնոլորտ էր տիրում եւ օգտատերերը, ֆեյքերը հակադաշնակցական մեկնաբանություններ էին տարածում: Մեր հարցին՝ ովքեր են այդ մեկնաբանությունների տարածողները, կամ որ քաղաքական ուժն է, Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, չգիտի:
Մեր այն հարցին էլ՝ ինչպե՞ս կգնահատի ընտրողների մասնակցությունը, Խաչատրյանը պատասխանեց. «ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18:00-ի դրությամբ 40% չկար մասնակցությունը: Սա լավ չէ, որովհետեւ ժողովրդավարությունը ժողովրդի մեծամասնության մասնակցության, քվեարկողների մեծամասնության իշխանությունն է: Ցանկալի կլիներ ավելի շատ մարդիկ մասնակցեին ու ելնելով կուսակցությունների ծրագրերից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ընտրվելու հնարավորության մասին էլ Խաչատրյանն ասաց.«Իմ ընտրատարածքում, որտեղ վարկանիշայինով առաջադրվել եմ, լուրջ մրցակցություն էր ՝ Տիգրան Ավինյան, Վիգեն Սարգսյան, Լիլիթ Մակունց, բայց լիահույս եմ, որ Դաշնակցությունը եւ ես բավական ձայներ կհավաքենք»:
Արդյոք ընտրողների ավելի քիչ մասնակցության վրա ազդել է քարոզարշավում այդ «սեւ ու սպիտակը», մեր այս հարցին իր պատասխան էլ Արթուր Խաչատրյանն ասաց, որ դա գեղեցիկ չէր. «Մեկը փորձում էր սպիտակից ավելի ճերմակ երեւալ: Մյուսը՝ սեւ խոռոչի գույնը ստանալ, եւ այս ամենով մթագնելով մյուս ուժերին, որպեսզի չկարողանան իրենց ծրագրերը ներկայացնել: Դա ազդեց, որ հիսուն տոկոսը չեկավ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Խաչատրյանը վստահեցրեց՝ Երեւանում չի նկատել վարչական լծակների չարաշահման դեպքեր. «Մարզերում՝ գյուղապետերը… որոշակի աշխատանք է իրականացվել»: Մեր հարցին՝ գյուղապետերի մեծ մասը այլ կուսակցությունից են, ոչ իշխող՝ հանրապետականից, Խաչատրյանն արձագանքեց՝ «Գյուղապետերը հիմնականում հանրապետական են, մարզպետերը՝ոչ: Բայց ես մամուլի հրապարակումներն եմ կրկնում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե հանկարծ չընտրվի, ինչո՞վ է զբաղվելու նախկին պաշտոնյա Արթուր Խաչատրյանը, մեր այս հարցին ի պատասխան էլ ասաց. «Լավ կրթություն եմ ստացել, մեծ աշխատանքային փորձ ունեմ: Հույս ունեմ՝ սոված չեմ մնա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ