Գյումրիում ընդհանուր առմամբ ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի, հանգիստ, թեև մասնակցությունը բավական պասիվ էր։
Հետաքրքիրն այն է, հանձնաժողովի նախագահները համեմատական են տանում նախորդ ընտրությունների հետ՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ մարդիկ ինքնակամ են գալիս՝ առանց ուղղորդողների։ Նկատենք, որ չնայած պասիվությանը՝ բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ գալիս էին իրենց երեխաների հետ՝ հատուկ շեշտելով, որ քվեարկում են հանուն իրենց երեխաների՝ հայրենիքում մնալու ու ապրելու ապագայի։
Թիվ 31/39 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Լենդրուշ Մանուկյանը մի քանի բառով բնութագրեց ընտրությունները․ «Ավելի հանգիստ է, ավելի նորմալ է, քաշքշոց չկա, հետևից փսփսացող չկա․ աղմուկ հանող չկա, դեռևս չեմ տեսել, որ զոռով հաշմանդամներ բերեն, սայլակով մարդիկ բերեն, դուրսը հավաքված մարդիկ չկան։ Նորմալ ընթանում է՝ զարմանալիորեն ու հաճելիորեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ