«Արարատի Խարբերդ գյուղում, որտեղ գտնվում է ընտրատեղամասը, գյուղապետը գտնվում է ընտրատեղամասի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ եւ հետո մոտենում են նրանց»,-սա այսօր արձանագրել են «Հելսինկյան կոմիտեի» դիտորդները:
Այս մասին Մեդիա կենտրոնում ասաց «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, որի խոսքով իրենց 160 դիտորդներն այսօր հանրապետության մի շարք բնակավայրերում դիտորդական առաքելություն են իրականացնում: Ըստ պարոն Իշխանյանի, իրենց դիտորդին «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը հայտնել է, որ հանձնաժողովի անդամների կողմից իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվում. «Նա նաեւ ասել է, թե լսել է ինչպես են հանձնաժողովի անդամները պայմանավորվում, որ ինչ-որ խախտում գտնեն եւ նրան հեռացնեն ընտրատեղամասից, բայց սա ճշտելու կարիք ունի իհարկե»,-ասաց պարոն Իշխանյանը:
Նա ասաց, որ այս անգամ մեծ կուտակումներ իրենց դիտորդները չեն նկատել: Ըստ Ավետիք Իշխանյանի գնահատականների, ընտրությունները «լավ իմաստով ձանձրալի» են. «Հիշում եմ, բոլոր ընտրությունների ժամանակ, այսպես ասած, արտակարգ դրություն էր, ես ինքս մեքենայով շրջում էի, որովհետեւ անընդհատ ահազանգեր էին լինում»:
Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ցածր մասնակցությունը, արդյոք տեխնիկական է պատճառը, պարոն Իշխանյանն ի պատասխան ասաց, որ ինքը սոցիոլոգ չէ, որ այդ հարցին պատասխանի, միայն կարող է ենթադրություններ անել:
Նրա խոսքով. «Շատ հնարավոր է, որ նախորդ շրջան ու շատ քաղաքական ուժեր տարբեր մեթոդներով կազմակերպում էին իրենց ընտրողներին: Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ կազմակերպչական այդ ցուցակները չեն եղել: Սա հարցերից մեկն է, գուցե եւ չեն եղել: Կարող է շատերը մտածում են՝ խնդիրը լուծված է, ինչ իմաստ ունի գնալ ընտրության: Կարող է շատերը մտածեն, որ, եթե իրենք չեն համակրում հեղափոխությանը, միեւնույն է պարզ է, գնալու էլ լինեն, պարզ է ով է հաղթելու»:
Ըստ Ավետիք Իշխանյանի, այս անգամ ցուցակներում ընտրողների թիվը նվազել է 13 հզ-ով. «13 հազարը դա թիվ չէ, առաջ խոսքը գնում էր 400 հզ ընտրողների ձայն գրպանում ունենալու մասին: Հիմա հարց, այդ 400 հազարը մի՞ֆ էր, թե՞ իրականություն: Կամ արդյո՞ք հիմա էլ ցուցակներն ուռճացված են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի