Այս համեղ շոկոլադե տորթը, չգիտեմ թե ինչու, նման հիմար անվանում ունի: Հայերեն թարգմանությամբ այն շատ ավելի տգեղ է հնչում, այդ իսկ պատճառով նախընտրելի է թողնել անգլերեն անվանումը, առավել եւս, որ տորթը ամերիկյան ծագում ունի:
Devil’s food-ը շոկոլադասերների համար հրաշալի տարբերակ է, քանի որ նրանում շոկոլադը գլխավոր դերում է:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Կարագ – 200 գրամ
Շաքարավազ- 200 գրամ (նախընտրելի է այս չափաբաժնի գոնե ¼-ը՝ 50 գրամը շագանակագույն «մոսկավադո» տեսակի եղեգնաշաքարով փոխարինել՝ կարամելային բույր ստանալու համար, սակայն պարտադիր չէ)
Կակաոյի փոշի- 100 գրամ
Եռման ջուր- 1 բաժակ
Մածուն-կես բաժակ
Թթվասեր-կես բաժակ
Ձու- 4 հատ
Սոդա-1 լիքը ճաշի գդալ
Ալյուր- 300 գրամ
Կրեմի համար
Կարագ- 300 գրամ
Սեւ դառը շոկոլադ, ցանկալի է 70-80%-անոց- 250 գրամ
Ձվի դեղնուց- 6 հատ
Շաքարավազ- 150 գրամ
Ջուր- 100 գրամ
Պատրաստման եղանակը
Գազօջախը տաքացրեք 180 աստիճանով: Թույլ կարագը հարեք շաքարավազի հետ, որ դառնա կրեմանման զանգված: Առանձին ամանի մեջ լցրեք կակաոն եւ եռման ջուրը եւ լավ խառնեք, որ կակաոյի փոշին ամբողջությամբ տարալուծվի: Կարագին ավելացրեք ձվերը, կակաոյի զանգվածը, մածունը, սոդան եւ ալյուրը :
Թավայի տակ դրեք յուղաթուղթ, մեջը լցրեք խմորը եւ դրեք ջեռոցը մոտավորապես 30-40 րոպեով:
Մինչ խմորը թխվում է, պատրաստեք կրեմը:
Փոքրի կաթսայի մեջ լցրեք շաքարավազն ու ջուրը եւ դրեք մարմանդ կրակին, պետք է եփվի, դառնա օշարակ:
Հալեցրեք շոկոլադը՝ ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում:
Սենյակային ջերմաստիճանի հասած կարագը լավ հարեք: Առանձին հարեք ձվի դեղնուցները, մինչեւ սպիտակեն: Դեղնուցներին զգուշությամբ ավելացրեք շաքարի օշարակը՝ անընդհատ խառնելով, որպեսզի օշարակի տաքությունից դեղնուցները չեփվեն: Ավելացրեք նաեւ հալած շոկոլադը: Այս ողջ զանգվածը քիչ-քիչ ավելացրեք լավ հարած կարագին՝ հարելով, որ դառնա միատարր զանգված:
Երբ խմորը եփվի, հանեք ջեռոցից, դրեք ցանցի վրա, որ լավ սառչի: Միջից երկու կես արեք, կրեմապատեք երկու կեսն էլ, դրեք մեկը մյուսի վրա: Կրեմ քսեք նաեւ կողքերից: Այս տորթը այլ զարդարանքներ չի նախատեսում, բացի կրեմից, սակայն, եթե ցանկանում եք, կարող եք շոկոլադ քերել վրան եւ զարդարել շոկոլադապատ կոնֆետներով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ