Գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որը Շիրակի մարզի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներից է, իր ընտրությունն այսօր կատարեց Գյումրու «Արձագանք» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/22 ընտրատեղամասում։ Գեներալն ընտրատեղամաս մտավ աննկատ, առանց ավելորդ նախազգուշացումների, ինչպես սովորաբար անում են մյուս թեկնածուները, և առանց ուղեկցողների։ Հանձնաժողովի անդամները նույնիսկ մի պահ անակնկալի եկան՝ տեսնելով նրան։
Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քվեարկում է հանուն մեր երկրի ապագայի։ «Ընդհանրապես լավատես եմ, այս դեպքում առավել ևս»,-ասաց նա։
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, այսօրվա միակ խնդիրը ընտրողների պասիվությունն է։
«Ես եկա այստեղ, տեսա, որ պասիվություն կա, երևի կիրակի է, մարդիկ քնած են»։
Գեներալը նշեց, որ քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեթևակի միջադեպեր եղել են, սակայն բացակայել են հին մեթոդները։
Մեր հարցին կունենա՞նք որակապես նոր խորհրդարան, ասաց․ «Այո,՛համեմատության մեջ է չէ՞ ամեն ինչ»:
Նշենք, որ Շիրակի մարզում, պաշտոնական տվյալներով, ընտրողների թիվը 234 հազար 4-ն է, 2017 թվականի հետ համեմատ ավելացել է 4 հազարով։ Գյումրիում ընտրողների թիվը 123 հազար 932 է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ