Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Հիմնական խնդիրը վերաբերվում է կուսակցության վարկանիշային թեկնածուներին. ԿԸՀ կայքում հրապարակված նրանց համարները չեն համընկել ընտրաթերթիկի վրա հրապարակված համարների հետ: Մասնավորաբար, նման խնդիր է առաջացել Ավան համայնքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Հայկ Սանոսյանի, Լոռիում՝ Գեւորգ Սուքիասյանի եւ Արաբկիր համայնքում առաջադրված Արա Մարկոսյանի հետ: Նրանք համապատասխանաբար 2-րդ, 6-րդ եւ 6/6 համարներից տեղափոխվել են 6/7, 7 եւ 5-րդ հորիզոնականներ: Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Սանոսյանն իր վրդովմունքն արտահայտեց, քանի որ ողջ քարոզարշավն իրականացրել է 2-րդ համարի տակ, նաեւ ոչ քիչ գումար է ծախսել քարոզարշավի համար: Հիմա պարզվում է՝ իր ընտրողները թյուրիմացության մեջ են ընկնում եւ չեն կարողանում կողմնորոշվել:
Կուսակցությունում այժմ արձանագրություններ են կազմվում, որոնք կուղարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կուսակցության Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից Վարդան Սրտաշյանն էլ ահազանգում է, որ դրոշմապիտակը փակցվում է ոչ թե ընտրաթերթիկի, այլ ծրարի վրա: Իրենք բազմաթիվ նման դեպքեր են արձանագրել: Ասում է նաեւ, որ ծրարը հանձնաժողովի աշխատակիցը չի տալիս ընտրողին, այլ ինքն է քվեատուփի մեջ գցում: Երբ իր վստահված անձինք փորձել են հասկանալ՝ ինչու հանձնաժողովի անդամը ծրարը չի տալիս ընտրողին, վերջիններս պարզաբանել են իբր միամտաբար են այդպես վարվել:
Կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարիամ Մանուկյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վստահված անձինք մի շարք տեղամասերում արձանագրել են, որ կուսակցության N6 քվեաթերթիկը ընտրողներին չի տրվում: Նման դեպքեր են արձանագրվել 9/6 տեղամասում, 26/16-ում, Էրեբունիում գտնվող 11/5-ում, Աբովյանի Գեղաշեն համայնքի 28/1-ում եւ Չարենցավանի 27/36-ում: Մարիամ Մանուկյանն ասաց, որ այս տեղամասերից շատերում իրենց վստահված անձինք նաեւ արձանագրել են, որ երբ նոր ընտրող է մտնում տեղամաս, տեղամասում գտնվող անծանոթ մարդիկ կուտակվում են քվեատուփի մոտ եւ անհնար է լինում հասկանալ, թե ինչ է կատարվում այդ պահին այդտեղ: Այս ամենի վերաբերյալ, ըստ Մարիամ Մանուկյանի, արձանագրություններ են կազմվել եւ ուղարկվել ԿԸՀ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ