Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու «Լիլիթ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/39 ընտրատեղամասում։ Նա ընտրության էր եկել իր 1,5 տարեկան որդու՝ Հակոբի հետ։
«Իմ ընտրությունը կատարել եմ հանուն մեր երեխաների ու մեր երկրի ապագայի և հեղափոխության հաղթանակի», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց մարզպետը։
Նա նշեց, որ ընտրություններն ընթանում են առանց լուրջ ընտրախախտումների, իհարկե, կան տեխնիկական որոշակի խնդիրներ, ասենք, օրինակ՝ թեքահարթակների բացակայության հետ կապված, որոնք անհարմարություններ են ստեղծում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Մարզպետը, որը գլխավորում էր Շիրակի մարզի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ասաց, ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր ստացել են, անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին, սակայն դրանցից ոչ մեկը չի համապատասխանել իրականությանը։
Aravot.am-ը Կարեն Սարուխանյանից հետաքրքվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր հասցեին մյուս թեկնածուների կողմից հնչող մեղադրանքները, թե հանդիպել է գյուղապետերի հետ ու նրանց ստիպել կամ հորդորել իր օգտին աշխատել։ Մենք հիշեցրեցինք, որ Վալերիյ Օսիպյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ոստիկանապետին Շիրակի մարզպետարանի դահլիճում այս թեմայով հաղորդում էր տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածու Սևակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա վարչական ռեսուրսի կիրառում է։
«Ես հանդիպումներ ունեցել և պարբերաբար ունենում եմ գյուղապետերի հետ, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, որևէ պարտադրանք կամ ստիպում չկա: Նախ ես արձակուրդի մեջ եմ և որևէ լծակ չունեմ որևէ համայնքի ղեկավարի որևէ բան ստիպելու։ Եթե նման բան հայտարարում են, նման հայտարարություններ են անում և թեկնածու են, պետք է օրենքը կարդան և տեսնեն՝ արդյոք մարզպետը կարո՞ղ է կամ իրավասու է ինչ-որ մեկին ստիպել, որ հանկարծ իր օգտին աշխատի կամ քվեարկի։ Բացի դրանից, հաղորդում է տրված և այդ հարցով զբաղվում են իրավապահները: Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Որևէ համայնքի ղեկավարից կճշտեն, որ հանկարծ իմ կողմից որևէ մեկին ստիպել, համոզել, խնդրել, նման բան եղել է, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել օրենքի ողջ խստությամբ», -ասաց Կարեն Սարուխանյանը:
Մեր հարցին՝ եթե ընտրվի պատգամավոր, մանդատը կվերցնի՞, թե՞ կգերադասի մարզպետի աթոռը․ Կարեն Սարուխանյանն ասաց, որ ինքը վարկանիշային թեկնածու լինելուց բացի, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում լավ դիրք է զբաղեցնում, սակայն դա կլինի քաղաքական որոշում, թեև որպես մարզպետ՝ դեռ շատ անելիք ունի։
Շիրակի մարզ այսօր ոստիկանական լրացուցիչ ուժեր բերելու մասին էլ մարզպետը փաստեց. «Մենք խոստացել ենք, որ իրականացվելու են ազատ, թափանցիկ ընտրություններ և, բնականաբար, եթե ուժերի կուտակումներ էլ լինեն, դա բնական է, որ ընտրական գործընթացն ավելի լավ լինի ու խախտում չլինի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ