Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանը ի՞նչ գիտի՝ իրենք հիմք կամ միտք ունե՞ն ինձ ձերբակալելու, թե՞ ոչ, դա ինքը չի որոշում, Փաշինյանն է որոշում». Շահնազարյան

Դեկտեմբեր 09,2018 17:51

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել էր ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն ու ասել, որ նրան ծանուցագիր չեն ուղարկել, ընդամենը հրավեր է եղել, հիմք եւ միտք չունեն Շահնազարյանին բերման ենթարկելու: Նա նաեւ կոչ էր արել, որ ովքեր փաստեր ունեն, որ Արցախը հանձնում են, ներկայանան ԱԱԾ:

Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վանեցյանի հայտարարությանը. «Առաջինը՝ Վանեցյանը ի՞նչ գիտի՝ իրենք հիմք կամ միտք ունե՞ն ինձ ձերբակալելու, թե՞ ոչ, դա ինքը չի որոշում, Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռեւս իրեն տեղյակ չի պահել: Որ Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, մի քիչ էլ վախենում է, էլի, տեսնեմ՝ դուխը կհերիքի՞, թե՞ չի հերիքի»:

Վանեցյանը նաեւ ասել էր, որ մեղադրանքներ է հնչեցրել Շահնազարյանը, բայց հիմքեր չկան: Շահնազարյանը հիշեցրեց, որ իր ասուլիսում հանգամանալից ներկայացրել է այդ հիմքերը:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ԱԱԾ-ն ընդամենը հրավիրել էր իրեն, բայց դա արել էր այն բանից հետո, երբ Փաշինյանը նույն օրը հրապարակային հրահանգ էր տվել, որ նրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ըստ Շահնազարյանի, եթե ԱԱԾ-ն առանց Փաշինյանի հրահանգի իրեն հրավիրեր ԱԱԾ, դա չէր համարի քաղաքական հետապնդում: Բայց քանի որ դա արվել էր նրա հրահանգից հետո, դա հետապնդում է:

Անդրադառնալով գաղտնալսմանը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այդ գաղտնալսման բովանդակությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում արդարադատություն գոյություն չունի. «Արդարադատությունն այսօր Նիկոլ Փաշինյանի գործադիր օրգանի է վերածվել: Առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը քրգործ է հարուցել ու թե՛ ԱԱԾ պետը, թե՛ ՀՔԾ պետը հարցաքննության էին հրավիրվել դատախազություն: Երկրորդ գաղտնալսումից հետո դատախազությունը պարտավոր է ծանուցագիր ուղարկել ու հարցաքննության հրավիրել Փաշինյանին: Փաշինյանն էլ պետք է քայլ անի ու գնա դատախազություն, ուշադիր հետեւեք, թե ոնց է քայլում, որովհետեւ էս վերջերս անընդհատ սայթաքում է, չի քայլում: Հետո թող կամաց-կամաց սովորի ցուցմունք տալու, ժամանակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31