Գյումրիում ընտրությունները մինչ այս պահը անցնում են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի, առանց օրենքի լուրջ խախտումների։ Ի դեպ, վաղ առավոտյան ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզեր։
Հանրապետության երկրորդ քաղաքում խնդիրը, թերևս, համընդհանուր պասիվությունն է․որոշ ընտրատեղամասեր կարելի է ասել ընտրողի կարոտ են․ հանձնաժողովականները նստած սպասում են, թե դուռն ով կբացի, բացառություն են կազմում այն թաղերի ընտրատեղամասերը, որտեղ բնակվում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրված քաղաքի հայտնի տղամարդիկ։
Օրինակ՝ Գյումրու «Գծի հետև» թաղամասում, ի տարբերություն մյուս տեղանքների, նկատելի էր արտառոց աշխուժություն։ Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ընտրողների հոսքը մի վայրկյան անգամ չէր դադարում, ընտրության էին գալիս թե՛ տարեցները, թե՛ մանկահասակ երեխաներին գրկած ծնողները․ հերթեր էր գոյացել Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցում տեղակայված 32/32 ընտրատեղամասի դիմաց։
Այստեղ արտաքուստ ոչ մի խախտում չկար, թաղի տղերքը, որոնք դեռ նախորդ ընտրություններից հմտացած են ընտրակեղծարարության մեջ, հայտնի են որպես ձայն բերողներ, այսօր խիստ զգուշավոր էին, նրանք պահանջում էին 50 մետր հեռավորությունը ընտրատեղամասից, սակայն նկատելի էր, որ ընտրատեղամաս տանող փողոցը նրանց վերահսկողության տակ է, կանգնած հսկում էին երկու կողմերից։
Այս ընտրատեղամասն ունի 1951 ընտրող, ժամը 13․00-ի սահմաններում 313 հոգի արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ առավոտյան հանգիստ էր, հերթ գոյացել է հենց այդ պահին։ Մեր հարցին՝ արդյո՞ք նման ակտիվությունը պայմանավորված չէ նրանով, որ այս թաղում է բնակվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածու Սարիկ Մինասյանը, հանձնաժողովի նախագահն ասաց․ «Չկա նման բան, հանգիստ, խաղաղ գալիս են։ Ուղեկցողներ չկան,միայն ուղեկցել են այն ծերերին, որ ասենք 90-92 տարեկան են և որոնց աչքերը չեն տեսնում, դրա իրավունք ունեն»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Մեր՝ այս ընտրատեղամասում գտնվելու պահին եկան նաև միջազգային դիտորդներ։
Այստեղ ընտրության էր եկել 92-ամյա մի պապիկ, որը ընտրությանը չմասնակցած քաղաքացիներին խորհուրդ տվեց անտարբեր չմնալ երկրի ապագայի հանդեպ, անպայման գալ ու ընտրել «լավերին»։
Արտառոց աշխուժություն էր նաև Սլաբոդկա թաղամասի թիվ 31/45 ընտրատեղամասում։ Այստեղ ևս իրար հերթ չէին տալիս ընտրություն կատարելու համար։
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Վալերիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասն ունի 1949 ընտրող, որոնցից 421-ը 13․30-ի սահմաններում արդեն մասնակցել է։ Վալերիկ Սարգսյանը ևս փաստեց, որ ընտրողները շատ ակտիվ են այս թաղամասում, և որ ինքը երկար տարիներ նման ակտիվություն չի տեսել։
Մեր հարցին՝ արդյո՞ք ակտիվությունը կապված չէ այն փաստի հետ, որ այս թաղում է բնակվում ԲՀԿ վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Վարդան Ղուկասյանը, և թաղեցիները հարգելով նրան, գալիս են ընտրության, հանձնաժողովի նախագահն ասաց․ «Ձեզ թվում է , ես գուշակություն կարող՞ եմ անել։ Ես մեկ ուրիշ բան կարող էի ասել՝ երկիրը փոփոխվում է, գուցե մարդիկ հոգու մեջ մտածում են, կարելի է վերջիվերջո երկիրը փոխել, դարձնել բոլորիս համար հաճելի, ապագա խոստացող երկիր»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ