«Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը, որն այսօր՝ ԱԺ ընտրությունների քվեարկության օրն իրավաբանական օգնություն է ցուցաբերում քաղաքացիներին, Երեւանում եւ մարզերում այցելել է արդեն 280 ընտրատեղամասեր:
Որոշ դեպքերում նախաձեռնության անդամներն արձանագրել են, որ տեղամասերը պատշաճ կահավորված չեն: Մասնավորապես, 8/63 եւ 8/62 ընտրատեղամասերում թեքահարթակներ չկան:
Իսկ ահա 8/14 եւ 8/13 տեղամասերը ներառող դպրոցի մուտքի քարե աստիճանների վրա փայտե ինքնաշեն թեքահարթակ է տեղադրված:
Որոշ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցների շենքերի երկրորդ հարկերում, ուստի թեքահարթակի առկայության դեպքում անգամ հաշմանդամություն ունեցողը չի կարող քվեարկել: Մանկապարտեզներում տեղակայված ընտրատեղամասերի մուտքերը եւս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի համար:
ԿԸՀ կայքում տեղամասերից ուղիղ հեռարձակումների առնչությամբ եւս տեխնիկական խնդիրներ կան: Օրինակ՝ 6/18 եւ 6/19, նաեւ՝ 6/34 եւ 6/33 ընտրատեղամասերի տեսախցիկները «հակառակն» են հեռարձակում, իսկ 6/35 տեղամասի քվեատուփը տեսախցիկի տեսադաշտից դուրս է: «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող»-ի անդամների միջամտության արդյունքում թերությունը վերացվել է:
Նախաձեռնությանն ահազանգ է ստացվել նաեւ այն մասին, որ կուսակցություններից մեկի ցուցակում թեկնածուի հերթական համարը չի համապատասխանում քվեաթերթիկում նշված համարին, որի առնչությամբ տրվել է իրավաբանական խորհրդատվություն:
Որոշ ընտրատեղամասերում ընտրողների կուտակումներ են գրանցվել, եւ նախաձեռնության անդամների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է:
«Իրազեկ եւ պաշտպանված ընտրող»-ի թեժ գծին էլ քաղաքացիները հիմնականում ահազանգում են այն խնդրով, որ չեն կարողանում կողմնորոշվել, թե որ ընտրատարածքում են քվեարկելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ