9/30 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ՄԵՆՔ դաշինքի ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ քվեարկել է հանուն ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի համար, «Առաջինը Հայաստանն է» կարգախոսով:
Ըստ նրա՝ շատ հետաքրքիր ընտրություններ են. «Ինչպես տեսնում եք՝ կուտակումներ չկան, և մեր քաղաքացիներին մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություն և նոր սկիզբ, նոր իրավիճակ և ավելի հստակ, ինքնավստահ, տնտեսապես շեշետակի զարգացած, ոչ հոգսաշատ Հայաստան»:
ՄԵՆՔ դաշինքի չորրորդ համարը Արտակ Զեյնալյանը քվեարկեց 4/30 ընտրատեղամասում: Արտակ Զեյնալյանի հավաստմամբ՝ քվեարկել է այն սպասումով, որ ընտրությունների արդյունքում լինի համընդհանուր հաղթանակ՝ անկախ նրանից՝ իրենց կուսակցությունն ընտրվել է, մարդիկ ում են քվեարկել:
Սպասելիքների մասին ասաց. «Սպասելիքներն այն են, որ ԱԺ-ն արմատավորի խորհրդարանական կառավարման երկրի կարևոր ավանդույթները և ժողովրդավարությունը, որ ՀՀ-ն լինի զարգացած երկիր, որտեղ կտիրի համերաշխությունը և սիրո մթնոլորտը»:
Արտակ Զեյնալյանը համոզված է՝ ՄԵՆՔ-ը լինելու է խորհրդարանում: Իսկ թե որոնք կլինեն մյուս երեք ուժերը, նա ձեռնպահ մնաց պատասխանելուց: Այնուհետև կոչ արեց բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ բարձր մասնակցությունը մեծացնում է հասարակության ուժը:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ քարոզարշավի ժամանակը կարճ էր, բայց միևնույն է, ընտրությունների անցկացումը պատվով է կատարվում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ