Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր ասել՝ կռկռում եք Հայաստանի գործերի վրա, ես դա առաջարկեցի Նիկոլին». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2018 15:49

«Այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ ենք, այլ այսօր երկրորդն ենք, և քաղաքացիների այս ակտիվ մասնակցությունը դրա մասին է խոսում»,- Aravot.am-ի հարցին՝ այսօր է՞լ է եկել երկրորդը լինելու տրամադրվածությամբ, թիվ 1/20 ընտրատեղամասում՝ ԵՊՀ մասնաճյուղում, որդու հետ քվեարկելուց հետո այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա հայտարարեց, որ իրենք մի շարք մտահոգիչ տեղեկություններ ունեն, որոնցով ոստիկանության հետ օպերատիվ կերպով փոխանակվում են: Մեր այն հարցին՝ օրինակներ կբերե՞ք, Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Տարատեսակ տեղեկություններ ենք ստանում, որոնք նախկին ընտրությունների ժամանակ եղել են: Ուղղորդումներ են լինում»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է: Նա կոչ արեց քաղաքացիներին ակտիվ գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը. «Հանգստանալ պետք չէ. հանկարծ քաղաքացիները թող չմտածեն, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Եվ այսօր մինչև ժամը 20.00 քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու, հետևաբար բոլորս դա անում ենք: Առանց ակտիվության անհնար է լուսավորել Հայաստանը: Ոստիկանությանն էլ կոչ եմ անում մտահոգիչ տեղեկություններ ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն և իրավապահ մարմիններն են: Այն բոլոր արատավոր երևույթների մնացորդներն ու մնացուկները, որ կփորձեն ինչ-որ բան անել, դրանք կհայտնաբերվեն»:

Այն, որ որոշ ուժեր կարծում են, որ սոցհարցումները ճիշտ չեն արտացոլում պատկերը, երբ «Լուսավոր Հայաստանը» երկրորդ կամ երրորդ տեղում են ներկայացնում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Եթե անգամ սոցհարցումների տվյալները ճիշտ են, որ մենք երրորդ տեղում ենք, մեծ դեբատից հետո մենք լուրջ առավելությամբ անցել ենք առաջ: Հանրային ընկալումը պետք է կապիտալիզացնել՝ գնալով ընտրատեղամասեր: Ասել եմ, որ քանի որ հարցումներով ասում են, թե մենք երրորդն ենք, սա տագնապ է քաղաքացիների համար, որ դեռ գործ ունենք անելու, պետք է աշխատել փոխել այս տեղեկությունը»:

Մեր այն հարցին, եթե հանկարծ «Լուսավոր Հայաստանը» երկրորդ ուժը չլինի խորհրդարանում, դա նշանակում է քաղաքացինե՞րն են մեղավոր, թե խախտումներ են եղել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Այս պահին քաղաքացիների ձեռքում է ամեն ինչ: Ինչ-որ կլինի գիշերը կամ առավոտյան, համապատասխան հայտարարություն կանենք, թե ով, որ տեղում է և ինչի համար: Այն ամենը, ինչ կա, հատ-հատ ամենին անդրադառնալու ենք»:

Հարցին՝ այս ընտրությունների՞ն էլ է Գևորգն իր համար աշխատել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Գևորգն ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել, բայց որ փորձ արվեց ինչ-որ կերպ դուրս գալ այդ հարցի տակից, ասեմ, որ այս անգամ հազարավոր գևորգներ են մեզ համար աշխատել՝ քաղաքացիներ, մարդիկ տարբեր ձևերով աջակցում են»:

Մյուս հարցին՝ բայղուշը վիրավորա՞նք է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կարելի էր ասել՝ կռկռում եք Հայաստանի գործերի վրա, ես դա առաջարկեցի Նիկոլին: Ամեն դեպքում կարծում եմ դեբատը չհասավ վիրավորանքների»:

Կրկին անդրադառնալով Գևորգի պատմությանը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Երբ ես թեկնածու էի, ինձ գալիս, առաջարկում էին, թե արի գնանք սրան տեսնենք, նրան տեսնենք, տեղում մերժում էի: Երբ անկախ պատգամավոր դարձա, բոլոր ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, աշխատում էին, որ գնամ, իրենց կուսակցությանն անդամագրվեմ: Այդ Գևորգը եկել, ինձ համոզում էր՝ գնամ իրեն տեսնեմ: Մերժվածությունը մինչ հիմա նստվածք է թողել: Բոլորն են մերժվել: Գևորգը ինձ հետ ծառայած սպորտսմեն տղա է: Դրանից առաջ որպես պաշտպան քրեական գործով իրեն պաշտպանել եմ, հարյուրավոր վստահորդներ են եղել, որոնք գիշեր ցերեկ աշխատել են ինձ համար, մարդիկ չեն մոռացել իմ արածը»:

Էդմոն Մարուքյանը ընտրության էր եկել մուգ մանուշակագույն թավշյա փողկապով: Հարցին՝ փողկապի գույնը հատու՞կ է ընտրված, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մի քիչ տաք պահող, ձմեռային փողկապ է և լուսավորի գույնի մեջ է»:

Լրագրողները Էդմոն Մարուքյանին հիշեցրին իր այն հայտարարությունը՝ եթե ԲՀԿ-ն դառնա երկրորդ քաղաքական ուժը, ուրեմն հին Հայաստանում ենք, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ կխոսենք դրա մասին: Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր չի հանգստանալու, շտաբում գործերով է լինելու: Քաղաքացիներին դիմելով՝ ասաց, թե հանգստանալ չկա ու եզրափակեց. «Ճիշտ է՝ եղանակը վատն է, բայց գնացեք քվեարկության: Մենք մեր ներսում մեր եղանակը պիտի ունենանք, իսկ մեր եղանակը լուսավորն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31