Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ընտրություն կատարեց թիվ 3/23 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ասաց. «Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, եւ դրանք իրականանան եւ չի հիասթափվի ու այն երազած Հայաստանը, որ ուզում է տեսնի՝ իրականանան»:
Ռուստամյանը վստահեցրեց՝ նախընտրական ժամանակն աննախադեպ քիչ էր, բայց ՀՅԴ-ն իր ասելիքը, գնահատականներն այս ընտրությունների կարեւորության մասին կարողացել է հասցնել ընտրողներին:
«Երբեք այլեւս չենք կազմելու որեւէ կոալիցիա, որտեղ Դաշնակցությունը չի ունենա վճռական խոսք: Այսինքն՝ առանց մեզ կարող են որոշումներ կայացնել: Եթե մինչեւ հիմա թերություններ եղել են՝ պայմանավորված են եղել նրանով, որ մենք չենք ունեցել վճռական խոսքի իրավունքը, մեր ծրագրերը որդեգրել են, բայց կիսատ են մնացել, այլեւս մենք այդ նույն ճանապարհը չենք որդեգրի», ասաց Ռուստամյանը:
Փաշինյանի կառավարության հետ որեւէ կոալիցիա կազմելու մասին էլ Ռուստամյանը նշեց՝ որեւէ կառավարությունում կարիք չկա որեւէ կցորդ հանդիսանան:
«Եթե այդ ուժը մեծամասնություն ձեւավորի խորհրդարանում, առանց որեւէ մեկի էլ կարող է որոշումներ կայացնել»,-ասաց Ռուստամյանը: Ըստ նրա, եթե որեւէ մեկը գնում է կոալիցիա, եւ որոշումների կայացման գործընթացում դեր չի ունենում, կցորդ է դառնում. «Եթե մենք մտել ենք կոալիցիա, ընդունել են մեր օրակարգը, իսկ կցորդի օրակարգը չեն ընդունում»:
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ իմաստ չկա, որ այս իշխանությունը փորձի ընտրությունների ընթացքն աղավաղի.«Մյուս ընտրություններն, իսկապես, կարող է հարց լինի՝ իշխանություն կպահե՞ն, թե ընտրություններով կորոշվի՝ իշխանության ով է գալու: Այդ ժամանակ գնահատական կտանք: 90- ականներից սկսած բացի 1-2 ընտրություններից, մնացածը միշտ կասկածանքի տակ են եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ