«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցածր թվաքանակը կապում է նաեւ այն բանի հետ, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, մարդկանց առավոտյան քնահարամ չեն անում եւ գազելներով չեն բերում տեղամասեր: «Ինչ երեւույթ էր նախկինում դիտվում: Առավոտյան գերակշռապես հանրապետականն ընտրողներին բերում էր տեղամասեր, արագ քվեարկեցնում էր, որպեսզի տեսներ իր ընտրողներից ինչքանը եկավ, որպեսզի, ըստ այդմ, հասկանար, թե ինչ աներ հետո՝ ժամանակ ունենար: Հիմա, որ այդ երեւույթը չկա, մարդիկ քնում են: Հանրության քանի՞ տոկոսն է, որ կիրակի առավոտյան ժամը 9-ին մոտիվացիա ունի ընտրական տեղամաս գալու: Այս պահի դրությամբ այս թիվը (քվեարկությանը մասնակցողների: Ա. Հ.) մտահոգվելու առիթ չի: Դա կերեւա օրվա վերջին», – ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը խոսել է նաեւ ժամը 14:00-ի դրությամբ խախտումների եւ թերացումների մասին. «Մասնավորապես, 6/08 տեղամասում մարդկանց, մեքենաների կուտակումներ էին տեղի ունեցել: Մեր դիտորդը պարբերաբար դա ասում էր հանձնաժողովի նախագահին: Այնուհետեւ մեր դիտորդը նկատեց բաց քվեարկության դեպք, երբ քվեարկության գաղտնիությունն ակնհայտորեն խախտված էր: Բայց հանձնաժողովի նախագահը այդ բոլոր ահազանգերին ընթացք տալու եւ խնդիրներին ընթացք տալու, լուծելու, արձագանքելու, արձագանքելու փոխարեն նախաձեռնեց դիտորդին տեղամասից հեռացնելու գործընթաց, դիտորդի վրա գոռալ, վիրավորել: Անգամ հանձնաժողովի անդամներով իրականացրեցին քվեարկություն եւ այլն: Բայց արդեն վերադաս ընտրական հանձնաժողովների միջամտությունից, մեր՝ տեղամաս գնալու միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահի պահվածքը փոխվեց, եւ դիտորդը այնտեղ շարունակում է աշխատել իր կոլեգայի հետ:
Իսկ 4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ակնհայտ խմած է եղել: Դա մեր դիտորդներն էին ահազանգել: Ես էլ էի գնացել այդ տեղամաս: Այնտեղ հանձնաժողովի անդամներից մեկը Նարեկ անունով՝ ազգանունը չեմ հիշի, ով Ծառուկյան դաշինքից է նշանակված եւ վրայից արաղի հոտն ակնհայտ գալիս էր, փորձում էր մեր դիտորդի հետ անընդհատ վիճաբանության բռնվեր, անընդհատ դիտորդին դուրս հրավիրել ռազբորկայի եւ այլն: Այդտեղ էլ կարծես խնդիրը լուծվեց ու ոնց որ թե նորմալ շարունակվում է թե քվեարկության ընթացքը, թե մեր դիտարկումը:
Որոշ տեղերում հանձնաժողովների նախագահների կոմպետենտությունը բավականին ցածր է, շատ վատ են տիրապետում ընտրական օրենսգրքին, ինչ-որ տեղ դիտորդների հետ խնդիր կա», – ասում է Դանիել Իոաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ