ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կառույցում որեւէ որոշման չենք հանգել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմանը, թե իր երկրի թեկնածուն է լինելու ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը, Փաշինյանը նշեց. «ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարեւոր հարցը չէ: Այդ պաշտոնում ՀՀ-ի պաշտոնավարման ժամկետն այսպես թե այնպես պետք է սպառվեր: Դա՞ է խնդիրը: Ոչ, ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք լուրջ կերպով քննարկվում են եւ քննարկվել են»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ-ի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել, քանի որ Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ