ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերն այսօր շրջում են Երեւանի եւ մարզերի մի շարք ընտրատեղամասերում. արձանագրված թերացումները հիմնականում տեխնիկական բնույթի էին. մի դեպքում, օրինակ, փոքր տարածքի պատճառով քվեախցերն իրար մոտ էին տեղադրված:
Մի քանի դեպքերում էլ քաղաքացիների իրազեկման պակասի հետեւանքով նրանք քվեարկության կարգի խախտումներ էին թույլ տալիս, որոնք հանձնաժողովականների միջամտությամբ՝ շտկվում էին: Օրինակ, 8/63 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկները եւ ծրարը ձեռքին՝ դուրս է եկել տեղամասից՝ պատճառաբանելով, թե «դրսում է ուզում սպասել», քանի որ բոլոր քվեախցիկներում այս պահին քվեարկող կար: Հանձնաժողովականներից մեկի ցուցումով ընտրողը վերադարձել է քվեախուց: «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամի նախաձեռնությամբ դեպքն արձանագրվել է մատյանում:
Նախաձեռնության անդամները նաեւ նկատել են, որ նույն 8/63 ընտրատեղամասում ընտրողների կուտակում էր, որը կարճ ժամանակ անց հանձնաժողովի անդամները կարգավորել են:
8/58 ընտրատեղամասում էլ «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամը նկատել է, որ քաղաքացին քվեախցից դուրս է գալիս առանց ծրարի: Ընդ որում, առանց պարզելու, թե որտեղ է ծրարը, հանձնաժողովի անդամներից մեկը նրան մեկ այլ ծրար է տվել: Նախաձեռնության անդամը դեպքի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, որը մտել է քվեախուց եւ չքվեարկված քվեաթերթիկների տուփում հայտնաբերել «կորած» ծրարը: Նախաձեռնության անդամի ցուցմամբ՝ այս դեպքն էլ արձանագրվել է մատյանում:
Շրջայցի ընթացքում որոշ քաղաքացիներ դիմել են «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությանը»՝ խնդրանքով տեղեկացնել, թե ինչպես են քվեարկելու: Նախաձեռնության դիտորդները նրանց բացատրել են քվեարկության կարգը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ