Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը Քոչարյանի կալանավորման մասին. «Ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան՝ անկախ իրենց դիրքից»

Դեկտեմբեր 09,2018 14:25

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հիմա ձեռնպահ է մնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, հարցը թողնում է իրավաբաններին եւ դատական համակարգին: Այս մասին այսօր թիվ 3/23 ընտրատեղամասում իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ իրենք ուշի ուշով հետեւելու են Քոչարյանի դատավարության գործընթացներին, եւ իրենց գնահատականը կտան:

Հարցին՝ կարծիք կա, որ այս կալանավորումը կատարվել է դատարանի վրա բիրտ ճնշում օգտագործելով, Ռուստամյանը պատասխանեց՝ «Դա դատարանը կորոշի: Կարծում եմ, այս դատավարությունն այնքան մեծ հնչեղություն ունի ու նշանակություն ունի, որ վստահ եմ, ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին: Կարծում եմ՝ դա մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու եւ նրա հեռանկարի հետ կապված: Կարծում եմ, հետագայում դրա վերաբերյալ կունենանք հնարավորություն մեր մոտեցումները ներկայացնելու»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ երբ Քոչարյանին առաջին անգամ կալանավորեցին, ՀՅԴ-ն դրա վերաբերյալ հնչեցրեց գնահատական, իսկ այս անգամ՝ ոչ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք մեր մոտեցումը պահպանել ենք, եւ այն ժամանակ, երբ տպավորություն էինք թողել, որ պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հարցը չէր, դատական համակարգն ու արդարադատությունը պաշտպանելու հարցն էր: Եվ էլի նույն տրամաբանությամբ ենք մենք շարունակելու՝ ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան՝ անկախ իրենց դիրքից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31