ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Մարտի մեկի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն «արյունը սրբելու» նպատակով իրեն է քաղաքական հետապնդման ենթարկում: «Անգամ նախորդ իշխանության օրոք կայացված դատավճռով՝ ինձ վրա արյան մեղադրանք չի եղել: ՄԻԵԴ-ը Մարտի մեկի գործով վճիռներ ունի, որոնք ցույց են տալիս, որ այդ իրադարձությունների շուրջ նախորդ իշխանությունների վարկածը շինծու է: Իրական պատկերը բացահայտված է»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց. «ՀՀ տասը քաղաքացիներ սպանվել են Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, բանակն ապօրինի կերպով ներգրավվել է ներքաղաքական գործընթացներում, ապացույցներ են կեղծվել…»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, որ ինքը տեղյակ չի եղել 0038 հայտնի հրամանի մասին, լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ «նա, լինելով նախագահ, ինչպե՞ս կարող էր տեղյակ չլինել»: «Դուք կարծես թե ինքներդ այդ հարցին պատասխանեցիք»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա նա վստահեցրեց, որ դատական համակարգին որեւէ ցուցում երբեք չի տվել, այդ թվում՝ Քոչարյանի դատավարության գործով: «Իմ եւ Վանեցյանի ձայնագրությունից դա փաստող մասերը մոնտաժվել են: ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»:
Փաշինյանը նաեւ վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընտրական գործընթացների հետ առնչություն չունի, նրան մեղադրանք է առաջադրվել ամիսներ առաջ, նախաքննությունը շարունակվում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
անհամբեր կը սպասենք այդ շատ հետաքրքրական դատավարութեան…
ինչպէս որ Պարոն Քոչարյանը ինքն իրեն բանտ ներկայացաւ, պէտք է որ երթայ դատարան, եւ մնայ այդտեղ, մինչեւ որ անպայման դատավարութիւն տեղի ունենայ իր դէմ յարուցուած այս հետապմնդման հիման վրայ
այն ատեն կը տեսնենք թէ ինչե՜ր կը բացայայտուին
սպասում ենք