Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. Երեւանի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ի 340 ներկայացուցչի տարել են բաժիններ պահել

Դեկտեմբեր 09,2018 14:01

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը քվեարկության էր եկել ընտանիքի հետ միասին, քվեախցին մոտեցավ որդու հետ: Նա քվեարկեց Առինջ գյուղի թիվ 29/29 ընտրատեղամասում, որը տեղակայված էր սուպերմարքեթի շենքում:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Զոհրաբյանը չմիջամտեց, որպեսզի Գագիկ Ծառուկյանը քվեախցում մենակ լինի՝ ինչպես որ օրենքն է պահանջում՝ բացառությամբ որոշ դեպքերի, երբ ընտրողը մենակ ի վիճակի չէ քվեարկել:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ քաղաքացիների մասնակցությունը շատ բարձր է: Այս ընտրատեղամասում ժամը 11-ն անց 10-ի դրությամբ արդեն 195 մարդ քվեարկել էր: Ասաց նաեւ, որ լրացուցիչ ցուցակների հետ կապված, որտեղ 1999 ընտրող կա, որեւէ խնդիր չի առաջացել:

Հարցին, թե համամի՞տ է, որ խորհրդարանական առաջին ազատ, արդար ընտրություններն են Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ թե ազատ, այլ, իրոք, շատ մեծ փոփոխություն կա այս ընտրություններում»:


Aravot.am-ի հարցին, թե հարցումները որոշ տոկոսներ արտահայտել են, համամի՞տ եք այդ տոկոսների հետ, ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ես համամիտ կլինեմ ընտրություններից հետո, որ կտեսնենք՝ ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնեն»:

Այն հարցին էլ, թե գո՞հ է նախընտրական բանավեճերից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ դեբատների՞ց, ոչ. «Ամբողջ աշխարհն այդ օրը սպասում է, որ քաղաքական կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը, եւ ասենք թե, ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ՝ ամեն կուսակցության ղեկավար պետք է ասի, թե ցանկացած ոլորտ, ինքը ոնց է անելու: Թե չէ ճոխ խոսելը բոլորն էլ կարող են: Զարգացնելու եմ, ծաղկեցնելու եմ, գործազրկություն չի լինելու, բայց ինչի՞ հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեն՝ օրինակ` գյուղատնտեսության համար, ուսանողության համար, թոշակների, ներդրման, ո՞նց է անելու, ի՞նչ հիմունքներով: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում է ցեխ շպրտի, մեկը մյուսի հաշվին ուզում է դիվիդենտներ շահի»:

Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն կաշառք բաժանե՞լ է: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երբեք չի բաժանել եւ չի էլ բաժանելու. «Այդպիսի խոսակցություններ ես ասեմ, որ բոլորդ էլ իմանաք: Երեւան քաղաքի քաղաքապետի այս վերջին ընտրություններին 340 դեպք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են, եւ լիարժեք ոչ մի բան չի եղել: Իմ ասածը նա է, որ, եթե մեկը սխալ տեղեկություն է տալիս, պետք է սխալ տեղեկություն տալու համար նա պատասխանատվության ենթարկվի: Բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»:

Այն հարցին էլ, թե կուսակցությունների առաջին դեմքերի բանավեճի ժամանակ հայտարարեցիք, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում էր ձեզ հետ հանդիպել, ինչո՞ւ էր ուզում հանդիպել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ գնացեք Էդմոն Մարուքյանին հարցրեք:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31