Վանաձորի 23/29 ընտրատեղամասում, որը տեղակայված է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Անդրեյ Ղուկասյանը:
Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ ՀՀԿ-ն ներկայացնող որոշ թեկնածուներ նշում են, թե այս ընտրություններին ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ կա, Ղուկասյանն ասաց. «Քանի որ Հանրապետական կուսակցությունը չի կարողանում կիրառել իր մեթոդները, հավանաբար դա նկատի ունի, որ ինչ-որ բան այն չէ: Բայց շատ լավ է՝ ՀՀԿ-ն չի կարողացել իր հին մեթոդներից որեւէ մեկն այս ընտրություններին կիրառել: Ես բավականին շատ ինֆորմացիա ունեմ իրենց գործելաոճի հետ կապված, սակայն այս անգամ դա չի ստացվել իրենց մոտ»,- ասաց թեկնածում եւ շարունակեց. «Թաղային հեղինակություններից կամ ինչ-որ մեկից այսօր ՀՀ-ում վախենալու առիթ չկա: Հետևաբար` ես գտնում եմ, որ քաղաքացիները լրիվ ազատ եւ անկաշկանդ ձեւով են արտահայտելու իրենց կամքը, եւ ընտրությունների արդյունքներն, ինձ թվում է, հենց դա էլ կապացուցի»:
Խոսելով նախորդ եւ այս ընտրությունների տարբերությունների մասին Ղուկասյանն առաջին հերթին առանձնացրեց ընտրակաշառքի բացակայությունը. «Այդ արատավոր երեւույթը չկա, որը որ ես համարում եմ մեր պետության հիմքերը խարխլող հիմնական գործոնը: Այսօր այս ընտրություններով մենք ամրացնում ենք մեր պետության հիմքերը: Ընտրակաշառք չկա, չկա վարչական ռեսուրսի կիրառում, չկա վախի մթնոլորտ, չկան ուղղորդումներ, չկան գազելներով եւ ավտոբուսներով ընտրատեղամաս եկողներ: Այդ բոլորը հեղափոխություն ձեռքբերումներն եմ ես համարում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ