Ժամը 9։00-ի դրությամբ, «Ականատեսը» հաղորդումներ է ստացել է ընտրանքի 100% տեղամասերից:
Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խնդիրներ չեն ծագել և նրանք բոլորը ազատ մուտք են գործել ընտրական տեղամասեր` դիտարկելու դրանց կահավորումը և բացման ընթացքը։
Դիտորդների դիտարկման համաձայն, ընտրական հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, գործել են քվեարկությանը նախորդող ընթացակարգերին համապատասխան և նախապատրաստման գործընթացը հիմնականում ընթացել է առանց էական խախտումների։
Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։
Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։
Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովում է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։
Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։
Նախկինում ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է՝ լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։
Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում, որոնք ներկայումս ստուգվում են։
Դիտորդները մնալու են իրենց ընտրական տեղամասերում մինչև դրանց փակումը և քվեաթերթիկների հաշվման ավարտը։ Նրանք շարունակելու են կապ պահպանել Երևանում տեղակայված օպերատորների և իրավաբանների հետ՝ ամբողջ օրվա ընթացքում հաղորդելով հիմնական արդյունքները և էական խախտումները։
«Ականատեսի» հաջորդ հաղորդագրությունը կհրապարակվի 2018 թ․ դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին:
«Ականատես»
շատ տպաւորիչ է, պէ՜
wooow
համայն Աշխարհի համար, դուք Ժողովրդավարութեան գերագիոյն տիպարն էք, Փարօսն էք, միանշանակ