«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն այսօր՝ վաղ առավոտյան, կատարեց իր ընտրությունը, իր խոսքով՝ քվեարկելով հանուն ինքնիշխան, հզոր ու բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի:
Նրա խոսքով, դրա համար բոլոր նախադրյալները կան, ու բոլորը պետք է աշխատեն, որ դրանք իրականություն դառնան:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությանը, թե աննախադեպ քարոզարշավ է եղել՝Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկանապետը չէ, որ պետք է ասի՝ քարոզարշավն ինչպիսին է եղել, ըստ նրա՝ դա նրա պարտականությունների մեջ չի մտնում ու իրենց պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ տալուց ու քաղաքականություն մտնելուց: Ավետիսյանի կարծիքով, հիմա անցումային շրջան է, բայց շուտով նման դեպքեր չեն լինի:
Հարցին՝ հավասար պայմաններ կայի՞ն քարոզարշավի ընթացքում, նա պատասխանեց, թե անցումային ժամանակ ենք ապրում, դրա համար իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը կտանի հավասար ու արդար ընտրությունների: Նրա խոսքով, հիմա կա ազատություն, շարունակությունը կապահովի ժողովուրդը:
Ընտրությունից հետո Վարուժան Ավետիսյանն ասաց՝ կմեկնի իր ծննդավայր՝ Գեղարքունիքի մարզ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ